Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է Հայաստանի կողմից Ստամբուլյան կոնվենցիան վավերացնելու սահմանադրական հետեւանքների մասին Վենետիկի հանձնաժողովի կարծիքի տեքստը։

Ավելի վաղ հրապարակվել էր մանրամասն մամուլի հաղորդագրություն, որտեղ ներկայացված էր այդ հարցով Վենետիկի հանձնաժողովի կարծիքը։

Հիշեցնենք, որ Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կանանց հանդեպ բռնությունը եւ ընտանեկան բռնությունը կանխելու եւ դրանց դեմ պայքարի  մասին (Ստամբուլյան կոնվենցիա) Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացման Հայաստանի համար սահմանադրական հետեւանքների մասին հարցում էր ներկայացրել Վենետիկի հանձնաժողովին։

Ինչպես նշել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, կոնվենցիայի եւ ՀՀ սահմանադրության միջեւ հակասություններ չկան։

«Դա շատ կարեւոր է հենց Հայաստանի համար, որը կարող է ինքնիշխան որոշում կայացնել վավերացման մասին, սակայն նաեւ լավ օրինակ է համարվում այլ երկրների համար, որոնք կարող են բախվել երկրի ներսում որոշ վախերի եւ մոլորությունների հետ, որոնք տարածվում են կոնվենցիայի շուրջը։ Շատ կարեւոր է նշել, որ կանանց հանդեպ բռնության դեմ պայքարի մասին կոնվենցիան ավելին չէ, քան այդ, սակայն պակաս էլ չէ»,- հայտարարել է նա։