Տրամաբանությունն է հուշում, որ Արցախի հակամարտության լուծումը պետք է բավարարի երեք կողմերին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած Արցախի հարցի լուծման տեսլականին։

«Դա ոչ միայն  Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն է, տրամաբանությունն էլ է հուշում, եթե որեւէ կողմի չբավարարի, հարցը չի լուծվելու, միանշանակ այդպես է, պետք է լուծման տարբերակն այնպես լինի, որ 3 կողմերին բավարարի, եթե մի կողմը բավարարված չլինի, ապա լուծում բացառվում է՝ լինի»։

Դիտարկմանը, թե Ադրբեջանը շատ կտրուկ արձագանքեց այդ հայտարարությանը, Հարությունյանն ասաց, որ դա էլ նշանակում է` հարցը չի լուծվելու:

«Մենք 1994 թվականի մայիսի 12-ից ամեն օր սպասում ենք պատերազմի»,- հավելեց նա:

Անդրադառնալով մասնավորապես «Սասնա ծռերի» հայտարարությանը, թե Արցախը Հայաստանի մարզն է, Արայիկ Հարությունյանն ասաց՝ Արցախը Հայաստան է, բայց այսօր Հայաստանի մարզ չէ, եւ որ իրենց երազանքն է` Արցախը ճանաչվի Հայաստանի մարզ, բայց դա պետք է լինի քաղաքականությանը համապատասխան եւ միջազգային իրավունքների նորմերին համապատասխան: