6 տարի առաջ ծառից կախված հայտնաբերված Արարատ քաղաքի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանի գործով Վերաքննիչ քրեական դատարանը դատավոր Սերգեյ Մարաբյանի նախագահությամբ բեկանել է առաջին ատյանի` Գյանջիրով Հովհանյանին սպանության համար Նարեկ և Հովհաննես Ավետիսյանների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը եւ գործն ուղարկել է նոր քննության: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացածի դուստրը` Գայանե Հովհանյանը:

«Դատարանը բողոքը ճանաչել է հիմնավոր: Դատարանը վճռել է որոշումը ամբողջությամբ բեկանել այս քրեական գործով Գյանջիրով Հովհանյանին սպանելու համար Նարեկ և Հովհաննես Ավետիսյանների նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը և Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության հասցնելու կամ հակելու համար Հովհաննես Ասլանի Ավետիսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ,111-րդ հոդվածներով քրեական հետապնդում չիրականացնելու որոշումը»,- ասաց Գայանե Հովհանյանը։

Չնայած որ Արարատի բնակիչ 65-ամյա Գյանջիրով Հովհանյանին ծառից պարանով կախված են հայտնաբերել, դուստրը`Գայանեն, վստահ է՝ կատարվածը սպանություն է:

2013 թվականից առ այսօր Գյանջիրով Հովհանյանի գործն ընթացքի մեջ է, եւ նրա դուստրը հայտարարում է, որ թույլ չի տա՝ այն փակվի, մինչեւ չբացահայտվի եղելությունը:

Նշենք, որ Նարեկ Ավետիսյանը եւ Հովհաննես Ավետիսյանը մեղադրվում էին Գյանջիրով Հովհանյանին ինքնասպանության հակելու, հասցնելու համար: Հովհաննես Ավետիսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր: