Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտադիր է վերանայել Թուրքիա զենքի արտահանման բոլոր լիցենզիաները՝ կապված Սիրիա թուրքական ներխուժման պատճառով մտահոգության հետ:

Financial Times-ը հայտնում է, որ բրիտանացի նախարարները հանձնարարել են անցկացնել Թուրքիային զենքի վաճառքի լիակատար վերանայում, որը կարող է օգտագործվել Սիրիայում գործողության ժամանակ, եւ կասեցնել նոր լիցենզիաների տրամադրումը:

Ֆրանսիան, Գերմանիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները, Իտալիան եւ Չեխիան արդեն հայտարարել են Թուրքիա զենքի մատակարարումների սահմանափակման մասին: Նախօրեին ԵՄ-ն անդամ երկրներին կոչ էր արել քննարկել նման սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը: ԵՄ-ն, սակայն, ազդեցության սահմանափակ լծակներ ունի, քանի որ չի ցանկանում սպառնալիքի տակ դնել Անկարայի համագործակցությունը հակաահաբեկչական եւ հակամիգրացիոն գործողություններում:

Մեծ Բրիտանիան Էրդողանի նախագահ դառնալուց ի վեր Թուրքիային տրամադրել է 1,1 մլրդ ֆունտ սթերլինգի սպառազինության լիցենզիա: Լիցենզիաների վերանայման որոշումը, հավանաբար, լարվածություն կստեղծի Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի հարաբերություններում, որոնք ամուր են մնում, չնայած այն հանգամանքին, որ արեւմտյան մյուս երկրների հետ Անկարայի հարաբերությունները ավելի բարդ են դարձել: