Կատալոնիայի անկախության նոր հանրաքվեն անխուսափելի է։ Այս մասին Reuters-ին ասել է կատալոնյան տարածաշրջանային կառավարության ղեկավարի տեղակալ Օրիոլ Ժանկերասը, որին նախօրեին Իսպանիայի գերագույն դատարանը դատապարտել է 13 տարվա ազատազրկման խռովության հրահրման մեղադրանքով։ Եվս ութ հոգի դատապարտվել է տարբեր ժամկետների նույն մեղադրանքով։

Ժանկերասի խոսքով՝ իրենց շարժումը դարձել է ավելի ուժեղ եւ վճռական։ «Ես համոզված եմ, որ այդ հակամարտությունը պետք է լուծվի ընտրատուփերի օգնությամբ։ Մենք համոզված ենք, որ հանրաքվեն անխուսափելի է»,- գրել է նա բանտից՝ ավելացնելով, որ չի զղջում 2017-ի հանրաքվեի կազմակերպման համար։

Քաղաքական գործիչն ասել է, որ նա եւ մյուսները նախատեսում են բողոքարկել դատավճիռը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։