Հոկտեմբերի 14-ին, Ս. Գայանե վանքում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, կատարվեց հոգեհանգստյան կարգ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերար Ջոն Քյուրքչյանի հոգու խաղաղության եւ հանգստության համար: Նրա ծնողների` Մայր Աթոռի բարերարներ Սարգիս ու Աստղիկ Քյուրքչյանների եւ եղբոր` Ջորջ Քյուրքչյանի շիրիմների կողքին է ամփոփվել նաեւ Ջոն Քյուրքչյանի աճյունը, ով միշտ սիրով ու հավատարմությամբ փարված էր Հայոց Եկեղեցուն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին եւ նախանձախնդիր էր համազգային կյանքի անդաստանների շենացման  գործում:

Հանգուցյալ Ջոն Քյուրքչյանի եւ Քյուրքչյան ընտանիքի բարերարությամբ  2018 թվականի հունիսից Սուրբ Գայանե վանքին կից գործում է նաեւ Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնը, ուր ներկայիս խնամվում են 16 սոցիալապես անապահով եւ ծնողական խնամքից զուրկ մանուկներ եւ պատանիներ:

Հոգեհանգստյան արարողությանը ներկա էին Մայր Աթոռի միաբաններ ու Քյուրքճյան ընտանիքի անդամներ:

Հավարտ արարողության, Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր հայրական օրհնությունը եւ մխիթարական խոսքն ուղղեց Քյուրքչյան ընտանիքի անդամներին:

«Նրա մահը մեծ կորուստ  եղավ մեր Սուրբ Եկեղեցու եւ ժողովրդի համար: Այս անցյալ տարվա  ընթացքին ապրեցինք  նրա կորստի ցավը, ինչպես նաեւ մխիթավեցինք նրա պայծառ հիշատակով: Մեր ժողովրդի ու Եկեղեցու պատմության վերջին  տասնամյակների  թե՛ դժվարին եւ թե՛ ուրախ պահերին, սիրելի  Ջոնը  բազում անգամներ իր բարերար գործունեությամբ շենություն է հավելել ազգային-եկեղեցական մեր կյանքին ի Հայաստան եւ ի սփյուռս աշխարհի: Տարիներ  շարունակ   Ջոն  Քյուրքչյանը  Լոնդոնի  հայ  համայնքի  ակտիվ  անդամ  էր`  հարատեւ  իր  կարողություններով   աջակցելով  եկեղեցու առաքելությանը։ Քյուրքչյան  ընտանիքի  առատ նվիրատվությունների   շնորհիվ իրագործված  մի  շարք  ծրագրեր  այսօր  իրապես  տալիս  են  իրենց  օգտակար  պտուղները`  օրհնություն  դառնալով   շատերի  կյանքում եւ  զարդարելով բարերար  ընտանիքի հիշատակը։ Այսօր  վերստին  առիթ ունենք մատուցելու  մեր  սրտագին  գոհունակությունը  առ  Աստված  Ջոն Քյուրքչյանի  կյանքի  եւ  վաստակի համար,  որպես  սիրող  ամուսին, հայր, եղբայր  եւ  հորեղբայր,  ում  հիշատակը  կլինի  հավիտենապես օրհնյալ։

…Երկրավոր իր ընթացքն ավարտելով՝ նա փոխադրվեց հավերժություն, որտեղ Տերը, Իր անգին խոստման համաձայն, հավիտենական կյանքի երանությունն է պարգեւում Իր հավատարիմ  զավակներին։ Ի խորոց սրտի հայցում ենք, որ Ողորմածն Աստված երկնային բարձունքներում հավիտենական երանության մեջ հանգչեցնի Իր երախտարժան զավակի՝ Ջոն Քյուրքչյանի հոգին, եւ Սուրբ Հոգու մխիթարություն  պարգեւի ազնվափայլ  տիկնոջը՝  սիրելի  Քրիստինային, զավակներին, զարմուհուն  ու բոլոր վշտացյալ հարազատներին, եւ մեզ ամենքիս», - մասնավորապես ասաց Վեհափառ Հայրապետը` հայցելով  Ամենագութն Աստծուն, որ երկնից լուսեղեն հանգրվաններում խաղաղությամբ հանգչի հոգելույս Ջոն Քյուրքչյանը իր  սիրեցյալ  ծնողների  եւ  եղբոր հետ միասին: