Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանի (լիազորությունները ժամանակավորապես կասեցված են) կողմից երեխայի վրաերթի ենթարկելու մասին պատմող տեսանյութն ուսումնասիրվում է:

Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից՝ նշելով, որ ծանոթ են տեսանյութին և անհրաժեշտ ուսումնասիրություն են կատարում։

«Դավիթ Սանասարյանի մասնակցությամբ վրաերթի մասին ԶԼՄ-ներում և համացանցում տարածված տեղեկությունների վերաբերյալ հայտնում ենք, որ ներկայացվածի մասին ոստիկանությունում սեպտեմբերի 12-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից կամ որևէ քաղաքացուց հաղորդում կամ ահանզանգ չի ստացվել։ Հրապարակումների հիման վրա ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվում են նյութեր և ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ տեղի ունեցածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ»,–հայտնում են ոստիկանությունից։

Հիշեցնենք, որ օրերս Analitik.am-ը տղեկություն էր տարածել, որ Դավիթ Սանասարյանը վրաերթի է ենթարկել երեխայի: Վրաերթը թաքցվել է և  չի գրանցվել ոստիկանությունում: Դավիթ Սանասարյանն օգտագործել է իր բոլոր լծակները, որպեսզի վրաերթը որևէ կերպ չգրանցվի ոստիկանությունում:

Ավելի ուշ Դավիթ Սանասարյանը հերքել էր տեղեկությունը՝ այն անվանելով «հերթական շառը», ինչից հետո Analitik.am-ը հրապարակել էր տեսանյութ, որտեղ երեխայի ծնողները մանրամասներ են հայտնում դեպքի մասին։

Ըստ նրանց պատմածի՝ Դավիթ Սանասրայանը հայտարարել է, որ ինքը չի վրաերթի ենթարկել երեխային, այլ երեխան է եկել, ընկել մեքենայի տակ։

Տեսանյութի հրապարակումից հետո Դավիթ Սանասարյանը ֆեսյբուքյան գրառումով հայտնեց, որ մեղադրանքը շինծու է։

Ըստ Սանասարյանի՝ երեխան  մեքենայի կողքից՝ քարի վրայից թռնելուց դիպչել է իր մեքենային և ընկել գետնին։ Նա նաև նշել է, որ մարդասիրությունից դրդված հետաքրքրվել է երեխայի առողջությունով, նրանց հետ երկու անգամ գնացել ԲԿ:

«Տեղեկացնում եմ, որ դրանից երկու օր անց, այդ կինը (երեխայի մայր) ինձանից 300.000 դրամ փող էր պահանջում, և սպառնում, որ չտալու դեպքում լրատվամիջոցներին կասի, որ իր երեխային վրաերթի եմ ենթարկել, այն ժամանակ, երբ ինձանից լսեց, որ ոչ մի գումար էլ չեմ տալու, ասեց, որ լրատվամիջոցներին տեղեկացնելու է»,- գրել է Սանասարյանը:

Նախկին պաշտոնյան հայտարարել է, որ հաղորդում է  ներկայացնելու հանցագործության վերաբերյալ՝ շորթման հոդվածով։