Ամերիկուհին ԴՆԹ թեստի միջոցով գտավ որդուն, որին մահացած էր համարում։ Ինչպես տեղեկացնում է USA.one-ը, աղջիկը համոզել է մորը ԴՆԹ անալիզ անել եւ այն ուղարկել տվյալների հայտնի շտեմարաններից մեկը։ Հենց դրա շնորհիվ Կալիֆոռնիայի բնակչուհի Թինա Բեհարանոն կարողացավ գտնել որդուն, որին վաղուց մահացած էր համարում։

Թինան ծննդաբերել է, երբ դեռ 17 տարեկան է եղել։ Նրա խոսքով՝ այն ժամանակ նրա իշխանասեր մայրն ասել էր, որ աղջիկը չի կարող թողնել երեխային։ Իսկ հաջորդ օրը մայրը եկել էր Թինայի մոտ հիվանդասենյակ եւ ասել, որ երեխան հիվանդ է եղել եւ մահացել է ծնվելուց 15 րոպե հետո։ Գրեթե երեք տասնամյակ Թինան ու նրա ամուսինը՝ Էրիկ Գարդերեն, փոքրիկին հիշել են նրա ամեն ծննդյան օրը։ «Դրանք դժվար տարիներ էին։ Նա ծանր դեպրեսիայի մեջ էր»,- ասել է Էրիկը։ Եվ ահա, վաղուց ամեն հույս կորցրած Թինան ստանում է էլեկտրոնային նամակ։ «Բարեւ ձեզ։ Կարծում եմ, մենք պետք է շփվենք, որովհետեւ ԴՆԹ անալիզը ցույց է տալիս, որ դուք իմ մայրն եք»,- ասվում էր նամակում։ Թինայի վաղուց կորցրած երեխան՝ Քրիսթինը, 29 տարեկան է եւ ապրում է Նյու Ջերսիում՝ կնոջ եւ որդու հետ։ Պարզվել է, որ տղային որդեգրել է մի սիրառատ ընտանիք նրա ծնվելուց հինգ օր հետո։

Նրա ամուսինը՝ Էրիկ Գարդերեն, որի հետ Թինան ունեցել է հինգ համատեղ երեխա, ավելացրել է, որ նրանք Քրիսթինի հետ շփվում են ամեն օր, եւ Էրիկը տղային համարում է իր որդիներից մեկը։ Առաջին անգամ ամբողջ ընտանիքը մտադիր է հանդիպել Լոս Բանոսում նոյեմբերի 24-ին։ Թինան հույս ունի, որ իր պատմությունը կոգեշնչի միմյանցից բաժանված մյուս ընտանիքներին չհանձնվել իրենց մերձավորների որոնումներում։