ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հաջորդ շաբաթ կհանդիպի ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ նրանց համոզելու դիվանագիտական եւ տնտեսական միջոցներ ձեռնարկել՝ ի պատասխան Սիրիա Թուրքիայի ներխուժման:

Էսպերի հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիայի ռազմական գործողությունները «ավելորդ եւ իմպուլսիվ» էին եւ կարող են հանգեցնել «Իսլամական պետության» վերածննդին, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսն ավելի վաղ հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել քուրդ գեներալի հետ: Սակայն չի հաղորդվում, թե ինչ են քննարկել հեռախոսազրույցի ընթացքում:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ը պատժամիջոցներ էր սահմանել թուրք նախարարների, այդ թվում՝ պաշտպանության, ներքին գործերի եւ էներգետիկայի նախարարների նկատմամբ: Բացի այդ, Վաշինգտոնը դադարեցնում է Անկարայի հետ առեւտրային բանակցություններն ու թուրքական պողպատի համար 50% մաքսատուրքեր սահմանում: