Գոհար տիկնոջ Վերին մզկիթը լիովին իրանական-շիական կրոնամշակութային շերտի օրինակներից է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Երեւանի պետական  համալսարանի արեւելագիտության ֆակուլտետի դեկան, պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանը:

Նա տեղեկացրեց, որ մզկիթի պատմության ուսումնասիրման համար «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը դիմել է ԵՊՀ–ին՝ առաջարկելով ձեւավորել խումբ, որը ընդգրկել է իսլամագետների, թուրքագետների, իրանագետների, արաբագետների, ադրբեջանագետների:

Ռուբեն Մելքոնյանը նշեց, որ մզկիթը կառուցվել է 1880-ական  թվականներին, «մինչ այդ նույն տարածքում  եղել  է  փայտաշեն եղեգից  կառուցված մզկիթ,  որը գործել  է  մինեւ  1920  թվականը եւ խորհրդային  շրջանում  ծառայել է  որպես  թանգարան: Այս  մզկիթը 1960-ական  թվականներից  հետո գոյություն ունեցող  կառույցների  հիման վրա  վերականգնված  տարբերակն  է»:

«Մզկիթը լիովին իրանական-շիական կրոնամշակութային շերտի օրինակներից է։ Մզկիթի ոչ արձանագրություններում, ոչ տարբեր աշխատություններում որեւէ ադրբեջանակն, որեւէ թուրքական տառ անգամ մենք չեն հանդիպել։ Հետաքրքիր է, որ աշխատանքների արդյունքում նաեւ մզկիթի հարակից աշտարակներում տեսել ենք դիպուկահարների փամփուշտների պարկուճներ, մոտավորապես 90-ական թվականների, այսինքն Արցախյան ազատամարտի ժամանակ օգտագործվել է հակառակորդի կողմից որպես դիպուկահարներ համար հարմար տեղանք, նաեւ աղբյուրներում գտել ենք, որ 1919-20 թվականներին հայ–թաթարական բախումների ժամանակ նույնպես մզկիթը թաթարների կողմից օգտագործվել է զինված բախումների ժամանակ ընդդեմ հայ ազգաբնակչության։

Նաեւ գտել ենք եղած հայ–մուսուլմանական կրթական առնչությունները, մասնավորապես որ հայկական կրթական գործի ներկայացուցիչները որոշակի ազդեցություն են ունեցել կրթական գործի կազմակերպման վրա»,–նշեց արեւելագետը։

Նրա փոխանցմամբ՝ մզկիթի պատերի գրությունները լրիվ պարսկերեն գրություններ են, մի մասը արաբերեն, Ղուրանից մեջբերումներ են. «Մզկիթի պատերին պարսկալեզու Գոհար տիկնոջ կտակն է, որեւէ թուրքերեն տառ չկա, կտակում նշվում է թե ինչ է կտակում մզկիթին, իր անշարժ գույքի որ մասն է կտակում մզկիթի պահպանմանը եւ ովքեր են այդ ամենի վկան»։ 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում տեղի ունեցավ վերականգնված Գոհար տիկնոջ Վերին մզկիթի բացումը: 19-րդ դարի մզկիթի վերականգնման աշխատանքները սկսել էին 2014թ. «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի նախաձեռնությամբ։