Աշոտ Ասատրյանն ազատվել է «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի բաժնի պետի պաշտոնից։ Այդ մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։

«Ահա եւ վերջ: Ավարտվեց իմ առաքելությունը աղբահանության հիմնարկում, քանի որ ինչը ունի սկիզբ պետք է ունենա նաեւ ավարտ:

Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել քաղաքապետ Հայկ Մարությանին, Երեւանը խոլեռայից փրկելու համար համայնքային հիմնարկը ստեղծելու եւ այդ դժվարին օրերին աղբահանության կառավարման եւ համակարգման բաժնի պետի պաշտոնը ինձ վստահելու համար:

Շնորհակալություն եմ ցանկանում հայտնել բոլոր բանվորներին, վարորդներին, գծային պատասխանատուներին, ադմինիստրացիայի աշխատակիցներին օր ու գիշեր խիստ ռեժիմով աշխատելու, իրար հարգելու ու իրար օգնելու համար: Իրար հետ աշխատած այս մի քանի կարճ ամիսները ոչ մեկս չենք մոռանա, քանի որ օրվա ընթացքում ավելի շատ իրար հետ ենք աշխատել, քան մեր ընտանիքի անդամներին ենք տեսել:

Հիմա քաղաքը բավականաչափ մաքուր է, հիմնարկն էլ իմ կարիքը այլեւս չունի, հաջողություն եմ մաղթում հիմնարկին ու ցանկանում եմ հետագայում եւս նույն եռանդով աշխատեն:

Իսկ այս պահի դրությամբ ես արդեն ազատ եմ ու պատրաստ

եմ ընդունել աշխատանքի առաջարկներ»,–գրել է նա:

Մեկնաբանության համար կապ հաստատեցինք Աշոտ Ասատրյանի հետ, սակայն նա նշեց, որ այս պահին չի ցանկանում մեկնաբանել իր ազատումը։