Ես անգամ չէի բացառում, որ ՍԴ-ն կարող էր վարույթ ընդունել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ դիմումը, եւ հետո փորձեր խորհրդարանին ծաղրել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը՝ անդրադառնալով նախօրեին ՍԴ-ի որոշմանը, որով այդ կառույցը հրաժարվել էր վարույթ ընդունել ԱԺ համապատասխան դիմումը:

«Քանի որ դա կարող էր հանրային դժգոհություն առաջացնել, իրենք որոշեցին ընդհանրապես վարույթ չընդունել եւ վերջ: Երբ որոշումը կհրապարակվի, կտեսնենք, թե ինչ հիմքով են մերժել դիմումը: Իրենք կարող են ասել՝ մածունը սեւ է եւ փորձել դա վերածել դիրքորոշման, եւ դրանով հրաժարվել գործը վարույթ ընդունել: Այս ընթացքում ՍԴ անդամներից զգալի մասը հենց դրանով են զբաղված: Իրենց կենսագրությունը դրա մասին է խոսում, իրենց կյանքում իրենք զբաղված են եղել ՀՀ իրավական դաշտն աղավաղելով»,-ասաց Հովակիմյանը:

Նա հրաժարվեց պատասխանել, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը, սակայն հավաստիացրեց, որ իրենք ունեն խնդրի լուծման այլ տարբերակներ. «ԱԺ-ն առաջնային մանդատ ստացած միակ մարմինն է, եւ նա պետք է լուծի երկրի առջեւ ծառացած խնդիրները: ԱԺ-ն չի կարող ձեռքերը ծալած նստել, սպասել, թե ինչպես հանրային վստահություն չունեցող ՍԴ-ն շարունակի ՀՀ իրավական դաշտը ըստ կամայականությունների աղավաղել:

Լուծումները պատկերացնում ենք, լուծումները կան: Ես ձեզ վստահեցնում եմ, քայլերը կան եւ կարվեն, բայց քանի որ դեռեւս շրջանառության մեջ դրված չեն, ես չեմ պատրաստվում դրանք հրապարակել: Այս պահին փակագծեր բացելուց զերծ եմ մնում»,-ասաց պատգամավորը:

Նա հավելեց, որ խորհրդարանն ունի անհրաժեշտ գործիքակազմը, որ Հայաստանի կյանքում ի հայտ եկած ցանկացած խնդիր լուծի, եւ լուծելու է:

«Խորհրդարանը պետք է ապահովի, որ ՀՀ-ն ունենա բարձր հանրային վստահություն վայելող ՍԴ, վերջ: Դա պայմանավորված չէ, թե ՍԴ անդամներն ինչպես են գծել իրենց պլանները, թե որքան պետք է պաշտոնավարեն:

Օրենսդիրը հնարավորություն տվեց ՍԴ անդամներին, որ նրանք շահագրգիռ կողմ հանդես գան, բայց նրանք չեն գալիս, հետեւաբար գալիս են խնդրի լուծման մյուս տարբերակները: Այստեղ միայն Հրայր Թովմասյանի խնդիրը չէ: Մեր խնդիրն է խնդիրն այնպես լուծել, որ մազաչափ իրավական շեղում չլինի եւ ունենանք ՍԴ, որ երբ որեւէ հնչեղ հարցով որոշում կայացնի, բոլորս համոզված լինենք, որ իրենց որոշման հիմքում Սահմանադրությունն է»,-ընդգծեց նա: