ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետվիրահատական բուժում է ստանում եւ նրա մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ։ Այս մասին ի պատասխան Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների հարցման՝ հայտնել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Արմեն Չարչյանը։ Այսօրվա դատական նիստում Քոչարյանի պաշտպաններից Արամ Վարդեւանյանը հարցման պատասխանը տրամադրեց դատարանին։

Չարչյանը տեղեկացրել էր, որ առաջիկա մեկ–երկու շաբաթների ընթացքում Քոչարյանի մասնակցությունը դատական նիստերին դեռեւս հնարավոր չէ։

Նշենք, որ հոկտեմբերի 9–ին Ռոբերտ Քոչարյանին վիրահատել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Հաշվի առնելով, որ առանց ամբաստանյալի դատական նիստը շարունակվել չէր կարող, այսօրվա դատական նիստը հետաձգվեց։

Հիշեցնենք, որ հունիսի 25–ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը որոշում կայացրեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ գործի վարույթը կասեցնելու առաջին ատյանի դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի մայիսի 18–ի որոշումը բեկանել եւ գործն ուղարկել նոր քննության, իսկ Ռոբերտ Քոչարյանին կալանավորել։

Այս գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը եւ ՀՀ նախկին փոխվարչապետ  Արմեն Գեւորգյանը։ Յուրի Խաչատուրովը եւ Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու եւ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գեւորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ: Այս գործով կալանքի տակ է միայն Ռոբերտ Քոչարյանը։ Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ. վերջինը՝ հունիսի 25-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ։

Սեյրան Օհանյանի եւ Արմեն Գեւորգյանի նկատմամբ, որպես փախանման միջոց է ընտրված՝ չհեռանալու մասին ստորագրությունը, իսկ Խաչատուրովի նկատմամբ՝ գրավը։