Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը քաղաքական ռիսկեր չի տեսնում ապօրինի ձեռք բերված գույքի բռնագանձման մասին օրինագծում։

Լրագրողների հետ զրույցում օրինագծի քննարկման ժամանակ (https://news.am/rus/news/538892.html) Էդվարդ Հովհաննիսյանը նշեց, որ քաղաքական ռիսկեր չի տեսնում, քանի որ օրինագիծը կարգավորում է նրա գործիքակազմն ու կիրառման դեպքերը։ «Մենք բոլորս գիտենք, որ հանրապետությունում կան թանկարժեք գույքի անօրինական ձեռքբերման բազմաթիվ դեպքեր։ Օրինագիծը նպատակ ունի բռնագանձել դրանք։ Եվ չպետք է դրանում քաղաքական աստառ փնտրել»,- նշել է ՊԵԿ փոխղեկավարը։

Պատասխանելով հարցին, թե փաստորեն թիրախ են հանդիսանում իշխանության նախկին ներկայացուցիչները, Հովհաննիսյանը նշեց, որ այդպես է ստացվել. ապօրինի գույքի սեփականատերերը կամա, թե ակամա կապ են ունեցել իշխանության հետ։ Նրա խոսքով, եթե գործընթացը տեղի ունենա օրենքի տառին համապատասխան, անկախ կոնկրետ անձանցից, քաղաքական ենթատեքստ չկա, անգամ եթե խոսքը վերաբերում է իշխանության նախկին ներկայացուցիչներին։

Ապօրինաբար մասնավորեցված եւ ներկայում պարապուրդի մատնված օբյեկտների ճակատագրի վերաբերյալ ՊԵԿ փոխնախագահն ասաց, որ, իր կարծիքով, դա բոլորովին այլ հարց է, որն այս օրինագծով չի կանոնակարգվում։

Իսկ եթե ապօրինաբար ձեռք բերված գույքը հետագայում վաճառվել է կամ հանձնվել օտարերկրացու, օրենքն ունի համապատասխան գործիքանի։