Մենք պետք է առաջնահերթություն համարենք մեր պետության հզորացումը, որովհետեւ մեզ համար մեզնից լավ բարեկամ չկա: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները ինչ-որ չափով նվազեցրել են մեր սահմաններին լարվածության հավանականությունը, քանի որ քաղաքական ուժերը չեն ցանկանա այս տարածաշրջանում մի քանի լարվածության օջախներ տեսնել: Բայց հաշվի առնելով Էրդողանի պահվածքը, կարող է Ալիեւն էլ Էրդողանից խրախուսված, ինքն էլ սկսի անհեռատես քայլեր ձեռնարկել: Մենք միշտ պետք է պատրաստ լինենք ցանկացած զարգացման: Բայց չի բացառվում, որ մի քանի ամսից նման իրադարձություններ հրահրվեն որոշ այլ նպատակներով, որպեսզի նոր խաղացողներ հայտնվեն, ինչը մեր շահերից չի բխում»,-ընդգծեց նա: