Վերջին 30 տարիներին ՀՀ ղեկավարների խնդիրներից մեկն այն է եղել, որ մարտավարական նպատակներով արված հայտարարությունները սկսում են անընդհատ կրկնել, բայց երբ անընդհատ կրկնում ես, այն կարող է դառնալ ռազմավարություն, ինչն արդյունավետ չի լինի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Արցախի խնդրի լուծումը պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների համար:

«Որպես մարտավարություն լավ է, որ վարչապետը հայտարարել է, որ բոլորը պետք է գոհ լինեն: Բայց թող մի հատ ասի, թե այդ որ բանաձեւն է, որ բոլորին կգոհացնի: Չկա նման բանաձեւ: Փաստ է, որ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը մինչեւ այսօր հայկական կողմն է հաղթել եւ ադրբեջանցիները դրանից գոհ չեն կարող լինել: Ադրբեջանցիներին պետք է համոզել, որ Արցախը երբեք ձերը չի եղել, դուք Խորհրդային շրջանում վայելել եք, չարաշահել եք Արցախի ամեն ինչը, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո մոռացեք Արցախի մասին: Ճիշտ կանի ՀՀ վարչապետը, որ անկեղծորեն դա ասի: Նախկին իշխանության ժամանակ էլ կար այս խնդիրը, որ լավ ընկալվելու համար մարտավարական առումով այդպիսի հայտարարություններ էին արվում:, որովհետեւ բանակցությունների նպատակներից մեկը նաեւ լավ լույսի ներքո երեւալն էր: 1-2 անգամ դա հայտարարեց, լավ է, բայց ամեն օր հայտարարել չի կարելի»,-ասաց Կիրո Մանոյանը:

Հարցին, թե ինչխպես է տեսնում Արցախի խնդրի լուծումը ՀՅԴ-ն, Կիրո Մանոյանն ասաց, որ իրենք հայտարարել են, որ պետք է Հայաստանի եւ Արցախի միջեւ ռազմաքաղաքական դաշինքի մասին պայմանագիր ստորագրվի, ինչը կմոտեցնի Արցախի ճանաչումը: Եվ եթե աշխարհում 7-8 երկիր ճանաչի Արցախի անկախությունը, այդ ժամանակ Հայաստանն ու Արցախը կարող են միավորվելու որոշում կայացնել: