Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ Հարավային Կովկասի տարածաշրջանին առաջին հերթին անհրաժեշտ է խաղաղություն եւ տնտեսական բարգավաճում:

Նա նշեց, որ Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում բազմաթիվ թեմաներ են քննարկել: Կողմերն անդրադարձել են երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերություններին:

Գախարիայի խոսքով՝ հարաբերությունների մակարդակի լավագույն ցուցանիշը տնտեսությունն է: «Կա գործընթաց: Քննարկել ենք տրանսպորտի, էներգետիկայի, մշակույթի ոլորտներում համագործակցությունը»,- հայտնեց Վրաստանի վարչապետը:

Գախարիան նշեց, որ անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հարցերին, հաստատել են, որ տարածաշրջանում խաղաղությունն ամենից կարեւորն է՝ տնտեսության վրա կենտրոնանալու եւ քաղաքացիներին արժանապատիվ ապրելու հնարավորություն տալու համար:

Միեւնույն ժամանակ, Գախարիան նշեց, որ Վրաստանի համար երկրի տարածքային ամբողջականության հարցը կարեւոր նշանակություն ունի: «Կամրապնդենք մեր հարաբերությունները արտաքին ասպարեզում: Մեր հանդիպումը նոր քայլ է համագործակցության խորացման համար»,- եզրափակեց Գախարիան: