«Ամերիաբանկ» ՓԲԸ-ն ընդլայնում է իր մասնաճյուղերի ցանցը, Էջմիածին քաղաքում իր դռներն է բացել բանկի նոր մասնաճյուղը: «Ամերիաբանկի» մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը տեղեկացրեց, որ մարզերում մասնաճյուղերի բացումը բանկի ռազմավարության մասն է: «Անցած տարիներին մենք զգալիորեն ընդլայնել ենք մեր սեփական ցանցը: Մի քանի ամիս առաջ մասնաճյուղ բացվեց Աբովյան քաղաքում, իսկ այսօր՝ Էջմիածնում»,- հայտարարեց նա: Բարսեղյանը նշեց, որ բոլոր մասնաճյուղերը ունիվերսալ են եւ տրամադրում են բանկի բոլոր ծառայությունների սպեկտրը: Նա տեղեկացրեց, որ բոլոր այն ֆիզիկական ու իրավաբանական անձանց, որոնք նոր մասնաճյուղում հաշիվ կբացեն մինչեւ 2020 թվականի հունվարի 1-ը ծառայությունները կմատուցվեն արտոնյալ պայմաններով:

Մասնավորապես, նշված ժամանակահատվածում հաշիվ բացած իրավաբանական անձանց կմատուցվեն ինտերնետ-բանկինգի/մոբայլ-բանկինգի ծառայություններ, ինչպես նաեւ առաջին տարին անվճար սպասարկմամբ Business-քարտ: Դրանից բացի, ընկերության 2 ղեկավարի կտրամադրվի մեկական դեբիտորական կամ վարկային քարտ՝ բացառությամբ Platinum-ի եւ Infinite-ի: Քարտերը նույնպես կտրամադրվեն մեկամյա անվճար սպասարկմամբ:

Նոր մասնաճյուղում հաշիվ բացած ֆիզիկական անձինք կստանան անվճար սպասարկմամբ ինտերնետ-բանկինգի/մոբայլ-բանկինգի ծառայություններ, ինչպես նաեւ դեբետային կամ վարկային քարտեր՝ բացառությամբ Platinum-ի եւ Infinite-ի, տարեկան անվճար սպասարկմամբ: Մասնաճյուղի բացմանը ներկա Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը ողջունեց մասնաճյուղի բացումը՝ նշելով, որ դա կնպաստի քաղաքում ֆինանսական ակտիվության մակարդակի բարձրացմանը: «Միշտ դրական է ընկերությունների եւ մասնաճյուղերի բացումը, քանի որ նպաստում է աշխատատեղերի մեծացմանը, քաղաքի գործարար ակտիվության մակարդակի աճին»,- նշեց Գասպարյանը:

Նա նշեց, որ շատ էջմիածինցիներ բանկի հաճախորդներ են, եւ մասնաճյուղի բացումը հավելյալ հարմարություններ կստեղծի նրանց համար, եւ նրանք ստիպված չեն լինի Երեւան գնալ: Էջմիածնի քաղաքապետը նաեւ նշեց, որ այսօր բանկի կողմից ոչ մեծ քաղաքային ծրագրերի ֆինանսավորման մասին նախնական համաձայնություն է ձեռք բերվել: Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթեւոսյանը նշեց մասնաճյուղի բացման կարեւորությունը ՝ կառավարության կողմից իրականացվող գյուղատնտեսական վարկավորման ծրագրերի առումով:  

«Մասնաճյուղի բացումը կապահովի ոչ միայն մեր քաղաքացիների որակյալ սպասարկումը, այլ նաեւ կնպաստի նոր, որակյալ աշխատատեղերի բացմանը, քանի որ բանկային ոլորտում աշխատավարձերը հաճախ միջինից բարձր են լինում»,- հայտարարեց մարզպետը՝ հավելելով, որ բանկի հետ համագործակցության հետ մեկտեղ սոցիալական ծրագրեր կիրականացվեն: Անդրադառնալով հիփոթեքային վարկավորման հեռանկարներին՝ Մաթեւոսյանը նշեց, որ մարզային ադմինիստրացիան աշխատում է Արմավիր եւ Էջմիածին քաղաքներում շինարարական ծրագրերի ուղղությամբ: «Մենք ծրագրում ենք Արմավիրում եւ Էջմիածնում մեկական շենք կառուցել, ինչն այդ մարզերի բնակիչներին թույլ կտա նաեւ շահավետ պայմաններով օգտվել հիփոթեքային վարկից»,- հայտարարեց մարզպետը: