ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Արտաշատի թիվ 5 դպրոցում աշակերտների սննդային թունավորման դեպքի առթիվ: Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ոստիկանությունից։

2019թ. հոկտեմբերի 15-ին հիվանդանոցից ահազանգ է ստացվել այն մասին, որ «Սննդային թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել Արտաշատի թիվ 5 դպրոցի աշակերտներ:

Փաստի առթիվ Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:

Նախնական տվյալներով՝ երեխաները սննդային թունավորում ստացել են դպրոցի բուֆետում վաճառվող սննդից:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է դպրոցի բուֆետին սննդամթերք մատակարարած կազմակերպությունը, որտեղ կատարվել է զննություն, վերցվել են նմուշներ:

Նմուշառումներ են կատարվել նաև դպրոցի բուֆետից և այսօր առաքված սննդամթերքից:

Դեպքի վայրում և հիվանդանոցում աշխատում են Արարատի մարզային քննչական վարչության քննիչները:

Այս պահի դրությամբ, քրեական գործի տվյալներով, թունավորումից տուժել է 24 անձ:

Պարզվում է տուժածների ամբողջական շրջանակը:

Միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու ուղղությամբ:

Քննության արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ։