Աստղագետների միջազգային խումբը ուսումնասիրել է սառույցի մնացորդներով խառնարանները, որոնք վերջերս հայտնաբերվել են Լուսնի հարավային բեւեռում, եւ պարզել է, որ Երկրի արբանյակի վրա ջուրը կարող էր հայտնվել տարբեր ժամանակաշրջաններում եւ տարբեր աղբյուրներից, հայտնում է RG-ը։

Հետազոտության մասին կարճ զեկույցը հրապարակվել է NASA-ի կայքում։ Այն սկսվել է Լուսնի հարավային բեւեռում տարածված խառնարաններում սառույցի մնացորդների հայտնաբերումից հետո։ Ոչ ոք ստույգ չգիտի, թե ինչպես եւ երբ է այդ սառույցը այնտեղ հայտնվել։

Նոր հետազոտությունը ենթադրում է, որ այդ «հանքավայրերի» մեծ մասի տարիքը կազմում է միլիարդավոր տարիներ։ Սակայն պարզվել է, որ որոշ մնացորդներ անսպասելի երիտասարդ են։ Հետազոտողները օգտագործել են Lunar Reconnaissance Orbiter արբանայակի օգնությամբ ստացված տվյալները։ Արբանյակը 2009-ից գտնվում է Լուսնի ուղեծրում։

Գիտնականները պարզել են այն խոշոր խառնարանների տարիքը, որոնց մեջ սառցի մնացորդներ են եղել։ Դրանց ներսում գտնվում են մանր խառնարաններ, որոնք առաջացել են ավելի ուշ ժամանակաշրջանում՝ մակերեւույթին տիեզերական ոչ մեծ մարմինների բախման հետեւանքով։

Հաշվարկները ցույց են տվել, որ սառցի մնացորդների մեծ մասը գտնվում է խոշոր խառնարանների սահմաններին։ Դրանք ձեւավորվել են մոտ 3,1 եւ ավելի միլիարդ տարի առաջ։ Իհարկե, սառույցը կարող է նաեւ ավելի երիտասարդ լինել, սակայն ոչ այս դեպքում։

Սառույցի մնացորդները խառնարանների հատակին համասեռ չեն տարածված։ Դա խոսում է այն մասին, որ սառույցը բազմիցս ենթարկվել է փոքր մետեորիտների եւ այլ «տիեզերական աղբի» հարվածներին, ընդ որում դա տեղի է ունեցել երկար ժամանակահատվածի ընթացքում։

Աշխատանքի հեղինակների կարծիքով, խոշոր խառնարաններում սառույցը չի կարող 3,1 միլիարդ տարուց երիտասարդ լինել։ Սակայն այն հայտնաբերվել է նաեւ ոչ մեծ խառնարաններում, որոնք համեմատաբար վերջերս են ձեւավորվել։

«Մեզ համար անակնկալ էր, քանի որ ավելի վաղ ավելի երիտասարդ «սառը թակարդներում» գտնվող սառույցի ուսումնասիրություններ չեն անցկացվել», -ասել է աշխատության համահեղինակ Արիել Դոյչը:

Հայտնագործումը նոր գաղտնիք է առաջացրել: Այժմ գիտնականները ենթադրում են, որ Լուսին ջրի «մատակարարները» մի քանիսն էին: Հնարավոր է, որ ավելի հին սառույցն այնտեղ է բերվել «ջրապարունակ» գիսաստղերի եւ աստղակերպերի միջոցով: Բացառված չէ, որ ջուրը մակերես է թափվել խորքերից հրաբխային ժայթքումների արդյունքում:

Սակայն Լուսնի վրա ջրի խոշոր ռեզերվուարները շատ չեն: Իսկ հրաբխային ակտվիությունը, ինչպես կարծում են գիտնականները, Լուսնի վրա թուլացել է ավելի քան մեկ միլիարդ տարի առաջ: Նոր հետազոտության մեջ ենթադրվում է, որ երիտասարդ սառույցը Երկրի արբանյակում հայտնվել է միկրոերկնաքարերի մակերեսի ռմբակոծության արդյունքում: Մեկ այլ վարկածի համաձայն՝ ջուրը կարող էր լցվել արեւային քամու միջոցով:

Հեղինակները խոստովանում են, որ այդ հանելուկը բացահայտելու համար կօգնի միայն լուսնային սառույցի նմուշների վերլուծությունը, սակայն դրա համար անհրաժեշտ է Լուսին հատուկ տիեզերական ապարատ ուղարկել: