Ամբողջ աշխարհում տասնյակ խոշոր քաղցրահամ լճերի երկարատեւ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դրանց 68 տոկոսում կտրուկ աճել են ծաղկող ջրիմուռների բծերի չափերը, ինչպես նաեւ դրանց պայծառությունն ու թունավորությունը: Աճի պատճառ է դարձել գլոբալ տաքացումը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ Nature-ի վրա հղումով: 

«Ամռան ամիսներին ջրիմուռների ծաղկման ինտենսիվությունն աճել է ուսումնասիրված լճերի 68 տոկոսում, սակայն, միեւնույն ժամանակ, այն նվազել է միայն 6 ջրամբարներում: Դա նշանակում է, որ մենք տեսնում ենք ծաղկման աճ ոչ թե այն պատճառով, որ վերջին տարիներին ակտիվորեն հետեւում ենք լճերին, այլ ջրիմուռների բծերի իրական մեծացման եւ դրանց ինտենսիվության պատճառով»,- ասել է ուսումնասիրության հեղինակներից մեկը՝ Աննա Միխալակը:

Որպես կանոն, ջուրը սկսում է ծաղկել մանրէների ֆոտոսինթեզավորման, ինչպես նաեւ կապտականաչավուն կամ մուգ դարչնագույն ջրիմուռների պատճառով, որոնք ապրում են ինչպես քաղցրահամ ջրամբարներում, այնպես էլ ծովերում եւ օվկիանոսներում: Երբ դրանք սկսում են բուռն բազմանալ, ջրում հսկայական վառ բծեր են հայտնվում: Դրանք սպառնալիք են ներկայացնում մարդկանց եւ կենդանիների առողջության համար:

Բնապահպաններն ու օվկիանոսագետները ենթադրում են, որ գլոբալ տաքացումն ու միջին ջերմաստիճանի աճը կարագացնեն ջրիմուռների ծաղկումն ու դրանք ավելի վտանգավոր կդարձնեն լճերի, գետերի, ծովերի եւ մարդկանց համար: Նման երեւույթն ԱՄՆ ափերի մոտ ձկների, թռչունների եւ կենդանիների զանգվածային մահվան է հանգեցրել:

Միխալակն ու նրա գործընկերները նոր ապացույցներ են գտել, որ ամբողջ աշխարհում ջրիմուռների ծաղկումն ուժգնանում է մարդածին կլիմատիկ փոփոխությունների պատճառով: Նրանք ուսումնասիրել են 33 տարբեր երկրներում 71 խոշոր լճերի լուսանկարները եւ հետեւել, թե ինչպես է ամռան ամիսների փոխվում դրանց գույնը:

Նման հետազոտությունների համար գիտնականները հատուկ ալգորիթմ են մշակել, որը նրանց թույլ է տալիս գտնել ծաղկող ջրիմուռների բծերը՝ հիմնվելով նրա վրա, թե ինչպես է փոխվում այս կամ այն լճի գույնը: Բնապահպանները նաեւ վիճակագրություն են հավաքել, թե միկրոօրգանիզմների ինչ տեսակներ են հանդիպում այդ լճերում եւ արդյոք դրանք նախկինում ծաղկում են առաջացրել: 

Արբանյակային լուսանկարների վերլուծությունը ցույց է տվել, որ ջրիմուռների մասշտաբներն ու ինտենսիվությունը էապես աճել են վերջին 3 տասնամյակում լճերի ճնշող մեծամասնությունում: Դա հատկապես հատկանշական է եղել Երկրի այն անկյունների համար, որտեղ միջին ջերմաստիճանը զգալիորեն աճել է, դրանց թվում են Ասիայի կենտրոնական շրջանները, հարավ-արեւելյան Աֆրիկան, ԱՄՆ-ի ափերը, ինչպես նաեւ Ռուսաստանի հարավային շրջանները:

Հետաքրքրական է այն, որ ծաղկման հետ կապված իրավիճակը բարելավվել է միայն լճերում, որոնք գտնվել են Երկրի այն անկյուններում, որտեղ միջին ջերմաստիճանը կամ չի բարձրացել վերջին 30 տարվա ընթացքում կամ բարձրացել է նվազագույն չափով: Գիտնականները հաճախակի ծաղկման եւ պարարտացման կիրառման միջեւ հստակ կապ չեն հայտնաբերել:  

Այդ ամենը, ինչպես կարծում են հետազոտողները, վկայում է այն մասին, որ հենց գլոբալ տաքացումն է պատճառը, որ ջրիմուռների թունավոր բծերը հայտնվում են քաղցրահամ լճերի մակերեսի վրա: Դա պետք է հաշվի առնել նման աղտոտումների դեմ պայքարում՝ եզրափակում են բնապահպանները: