Իրանի հարցով Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանը (ՀՀԳՊ), որից դուրս է եկել ԱՄՆ-ը, պետք է պահպանվի, դրա համար անհրաժեշտ է ձեռնարկել մի շարք միջոցներ։ Այս մասին հայտարարել է զինաթափման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Իձումի Նակամիցուն։

«Մենք միշտ իրանական միջուկային գործարքը անվանել ենք մեծ հաջողություն միջուկային զենքի չտարածման ռեժիմի համար։ Այս պայմանավորվածությունը կարեւոր գործիք է դարձել այդ տարածաշրջանում միջուկային զենքի տարածումը կանխելու համար։ Այդ պատճառով մենք, իհարկե, ուզում էինք, որ գործարքը ուժի մեջ մնա, սակայն, ցավոք, կողմերից մեկը նրանից դուրս եկավ»,- «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում ասել է նա։

«Մեզ այժմ անհրաժեշտ է մի շարք քայլեր ձեռնարկել»,- ասել է Նակամիցուն՝ պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք փրկել ՀՀԳՊ-ն։

«Նախ՝ կարեւոր է, որ ՀՀԳՊ-ի բոլոր մասնակիցները եւ տարածաշրջանի պետությունները ձեռնպահ մնան որեւէ սադրիչ քայլերից, որոնք պոտենցիալ կերպով կարող են սրել տարածաշրջանում առանց այդ էլ փխրուն իրավիճակը։ Երկրորդ՝ մենք պետք է ապահովենք ԱԷՄԳ-ի աշխատանքի առավելագույն աջակցությունը, այդ կազմակերպությունը տեխնիկական բնույթի պրոֆեսիոնալ աշխատանք է կատարում։ Նրա ներկայացուցիչները շարունակում են այցելել Իրան, եւ մենք հուսով ենք, որ նրանց առավելագույն աջակցություն կցուցաբերվի»,- նշել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։

Երրորդը, նրա խոսքերով, աջակցություն պետք է ցուցաբերվի բոլոր երկրներին եւ կազմակերպություններին, որոնք Իրանի հետ օրինական հիմունքներով առեւտրով են զբաղվում։ «Կարեւոր է, որպեսզի տնտեսական համագործակցությունը եւ Իրանի հետ առեւտուրը օրենքի շրջանակներում շարունակեն զարգանալ, որպեսզի Թեհրանը զսպվածություն ցուցաբերելու եւ գործարքին հավատարիմ մնալու խթան ունենա»,- ընդգծել է Նակամիցուն։

2015թ․ կեսերին «վեցյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) եւ Իրանը հայտարարել էին Համատեղ համընդգրկուն գործողությունների պլանի մասին։ Համաձայնագիրը ենթադրում էր պատժամիջոցների հանում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց։ Գործարքն իր սկզբնական տեսքով երեք տարի էլ գոյություն չունեցավ՝ 2018թ․ մայիսին ԱՄՆ-ը հայտարարեց դրանից միակողմանիորեն դուրս գալու եւ իսլամական պետության դեմ խիստ պատժամիջոցները վերականգնելու մասին։