Միջուկային պատերազմի վտանգներն աճում են, իրավիճակն աշխարհում վտանգավոր է դառնում, ինչը բազմաթիվ պատճառներ ունի, այդ թվում՝ երկրների միջեւ վստահության պակասը, երկխոսության անբավարարությունը, գիտության եւ տեխնիկայի արագ զարգացումը եւ նոր տեխնոլոգիաները։ Այս մասին «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է զինաթափման հարցերով ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Իձումի Նակամիցուն։

«Շատ վերլուծական կազմակերպություններ, սպառազինությունների վերահսկման հարցերով փորձագետներ խոսում են միջուկային հակամարտության աճող վտանգի մասին։ «Դատաստանի օրվա» հանրահայտ ժամացույցը կրկին վերադարձրել են կեսգիշերից երկու րոպե պակաս ժամին։ Գոյություն ունեն լուրջ մտահոգություններ, որ իրավիճակը կրկին դառնում է բավական վտանգավոր։ Եւ ես տեսնում եմ շատ տարբեր պատճառներ դրա համար»,- ասել է Նակամիցուն։ Նրա խոսքերով, «ցավոք, պետությունների, ներառյալ միջուկային տերությունների միջեւ վստահությունը լրջորեն խախտված է»։

«Անհրաժեշտ է նշել երկխոսության անբավարարությունը։ Կարծես թե առաջատար տերությունները եւ մյուս երկրները սկսում են ռազմական հնարավորություններն ավելի շատ գնահատել, քան դիվանագիտությունը, բանակցությունները եւ երկխոսությունը»,- ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։  

Նրա գնահատականով՝ դիտարկվում է նաեւ միջազգային հարաբերությունների ընդհանուր վատացում, որը վերածվում է սուր հռետորաբանության։ «Մեր աչքի առջեւ զարգանում է անմխիթար իրավիճակ»,- հստակեցրել է Նակամիցուն։

Բավցի այդ, նա մատնացույց է արել «գիտության եւ նոր տեխնոլոգիաների արագ զարգացման գործոնը»։ «Մենք ստույգ չգիտենք, թե ինչպես դա կանդրադառնա միջուկային ոլորտի վրա, սակայն շատերը արդեն սկսում են խոսել այն մասին, թե առնվազն անհրաժեշտ է ավելի լավ հասկանալ ինչպիսին կարող են լինել կիբեռտարածաշրջանում վնասաբեր գործողությունների՝ արհեստական ինտելեկտի օգտագործմամբ զենքի, հիպերձայնային զենքի եւ սովորական սպառազինությունների հետեւանքները։ Դրանք կարող են ռազմավարական հետեւանքներ ունենալ»,- պարզաբանել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը։