Հոկտեմբերի 16–ի գիշերը Ազատության պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ տեղափոխված 25–ամյա Ա. Հակոբյանի վիճակը բժիշկները գնահատում են բավարար։ Այս մասին NEWS.am–ին հայտնեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ի մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանը։ Վերջինս հայտնեց, որ տուժածն իրենց մոտ է տեղափոխվել «գլխի գագաթային շրջանում պատռված վերք, փափուկ հյուսվածքների սալջարդ,  գլխուղեցի ցնցում» ախտորոշմամբ։  Ոստիկանն այժմ գտնվում է հիվանդանոցի նեյրովիրաբուժական բաժանմունքում։

Հիշեցնենք, որ միջադեպի հետեւանքով հրազենային վիրավորում էր ստացել ոստիկան Տիգրան Առաքելյանը, ով հիվանդանոցում մահացել է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը եւ «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց եւ Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին եւ կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 104-րդ հոդվածի 1-ին մասով, երկու անձ բերման է ենթարկվել։