ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանն այցելել է հոկտեմբերի լույս16-ի գիշերը Երևանում վիրավորում ստացած ոստիկանին:

Նշենք, որ Ազատության պողոտայում տեղի ունեցած միջադեպի հետևանքով  «գլխի գագաթային շրջանում պատռված վերք, փափուկ հյուսվածքների սալջարդ,  գլխուղեցի ցնցում» ախտորոշմամբ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ է տեղափոխվել 25–ամյա Ա. Հակոբյանը։ Վերջինիս վիճակը բժիշկները գնահատում են բավարար։  Ոստիկանն այժմ գտնվում է հիվանդանոցի նեյրովիրաբուժական բաժանմունքում։

Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել ոստիկան Տիգրան Առաքելյանը, ով հիվանդանոցում մահացել է։

Ավելի վաղ հայտնել ենք, որ հոկտեմբերի 16-ին` ժամը 04:20-ին, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել այն մասին, որ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են տեղափոխվել 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը և «գանգի գագաթային շրջանի պատռվածք վերք ախտորոշմամբ» 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբ: Պարզվել է, որ հիվանդանոց տեղափոխված անձինք ՀՀ ոստիկանության ծառայողներ են, ովքեր նույն օրը՝ ժամը 03:40-ի սահմաններում, իրենց ծառայությունը կատարելու ընթացքում, «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ նկատել են երկու անձի։ Վերջիններս, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 1-ին մասով, երկու անձ բերման է ենթարկվել։