Այսօր ամբողջ Հանրապետությունով մեկ տարածում են, թե Նիկոլ Փաշինյանը մեզ ազատեց։ Ես չեմ հասկանում մեզ Նիկոլ Փաշինյանը ազատե՞ց, թե՞ արդարադատությունը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16–ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանում «Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով դատական նիստում հայտարարեց գործով ամբաստանյալ Պավլիկ Մանուկյանը։

«Ես եղել եմ արդարության մարտիկ և շատ վատ է, որ այսօր ամբողջ Հանրապետությունով մեկ տարածում են թե Նիկոլ Փաշինյանը մեզ ազատեց։ Ես չեմ հասկանում մեզ Նիկոլ Փաշինյանը ազատե՞ց, թե արդարադատությունը»,–ասաց նա։

Նշենք, որ այսօր դատարանում ցուցմունք են տալիս գործով ամբաստանյալները։

Պավել Մանուկյանն իր ցուցմունքում պնդեց նախկինում արված հայտարարությունը, թե Արմեն Բիլյանը չի եղել ոստիկան Գագիկ Մկրտչյանին կրակողը, այլ Էդուարդ Գրիգորյանը: Մանուկյանը հրաժարվեց պատասխանել մեղադրող դատախազի հարցերին։ Սպանված ոստիկան Գագիկ Մկրտչյանի կնոջ՝ գործով տուժողի իրավահաջորդ  Հասմիկ Ոսկանյանի հարցերին ի պատասխան, Պավլիկ Մանուկյանն ասաց, որ չի հիշում թե էլ ովքեր են ներկա եղել այդ դեպքին, բայց հիշում է, որ Մկրտչյանը մահացել է Էդուարդ Գրիգորյանի պատահական կրակոցից:

Նախագահող դատավոր Մեսրոպ Մակյանի հարցին, թե ինչու՞ նախաքննության ընթացքում ցուցմունք չի տվել այդ մասին, Պավլիկ Մանուկյանն ասաց. «Իրավիճակ փոխվեց ցուցմունք տվեցի, մինչ այդ երկրում իշխում էր Սերժի հանցավոր բանդան, ու՞մ ցուցմունք տայի»: Դատավորը հետարքրվեց, թե բանկոմատի գողությունը, որը ևս մեսագրվում է Արմեն Բիլյանին, ո՞վ է իրականացրել, Մանուկյանն ասաց` Մխիթար Ավետիսյանը: Այլ հարցերի պատասխանել Մանուկյանը չցանկացավ:

«Սասնա Ծռեր» խմբի 10 անդամների գործով ներկայումս կալանքի տակ են ամբաստանյալներից Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ։

7 ամբաստանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը հեղափոխությունից հետո փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ, իսկ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 մլն դրամ գրավի դիմաց։