Եթե ավտոմեքենա ներկրողը այն հայտարարագրի ոչ թե ուղեկցող բեռ, այլ հայտարարագրի որպես բիզնես, օրենսդրությամբ կա նախնական հայտարարագիր հասկացություն, որը թույլ կտա մաքսազերծումն անել այդ պահի օրենսդրությամբ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք կա հնարավորություն, որ ավտոներկրողները դեկտեմբերի 1-ից հետո որոշ ժամանակ կարողանան մեքենաները մաքսազերծել հին կարգով:

«Այսինքն եթե մարդը գիտի, որ իր բեռը գալու է մոտակա մեկ ամսվա ընթացքում, օրինակ կարող է դեկտեմբերի 25-ին նախնական հայտարարագրի եւ ինքը հնարավորություն ունի մինչեւ հունվարի 25-ը իր բեռը մաքսազերծել դեկտեմբերի 25-ին եղած օրենսդրությամբ:

Այստեղ կարեւոր է եւ մարդիկ պետք է որոշում կայացնեն ավտոմեքենան հայտարարագրել որպես ուղեկցող բե՞ռ, թե՞ բիզնես»,-ասաց Անանյանը: