Ryanair ավիաընկերությունը Եվրոպայում ուղեւորափոխադրումներով ամենախոշորներից մեկն է: Հոկտեմբերի 16-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերության շնորհանդեսին տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսում այս մասին ասաց ավիաընկերության կոմերցիոն տնօրեն Դավիդ Օ՛Բրիենը:

Ընդ որում՝ նա նշեց, որ իրենք Իսպանիայում տարեկան փոխադրում են շուրջ 46 մլն ուղեւորի: «Առաջիկա 4 տարում մեր հաճախորդների թիվը կաճի եւ կհասնի 200 մլն նիշին: Ամեն դեպքում, սա կարեւոր տեղեկություն է: Այսօր Հայաստանը Ryanair ընկերության ցանցում 40-րդ երկիրն է դառնում: Մենք այսօր այստեղ ենք, որպեսզի հայտարարենք Երեւանից 3 նոր ուղղության մասին՝ Հռոմը եւ Միլանը կմեկնարկեն հունվարին, Բեռլինը կսկսվի հաջորդ տարվա ամռանից: Դրանից բացի, 2020 թվականի ամռանից գուցե Գյումրիից Եվրոպայի ուղղությամբ՝ Մեմինգեն առաջին ավիաչվերթը մեկնարկի»,- հայտնեց Օ՛Բրիենը:

Նա հույս հայտնեց, որ Հայաստանից ավելի քան 130 հազար ուղեւորի փոխադրումը թույլ կտա բացել նաեւ նոր աշխատատեղեր՝ ավելացնելով, որ իրենց ավիաընկերությունն ավելի թանկարժեք ավիաընկերությունների համեմատ կարող է այդ 130 հազար ուղեւորներին թույլ տալ խնայել մոտ 20 մլն եվրո։ «Եվ ես կարծում եմ, որ իրականում կարեւոր է, որ այդ նոր ուղղությունները կսպասարկվեն «կանաչ» ավիաընկերությունների կողմից։ Շատ ավիաընկերություններ խոսում են շրջակա միջավայրի մասին, բայց եւ միանգամայն այլ կերպ են վարվում»,- ընդգծեց իռլանդական ավիաընկերության կոմերցիոն տնօրենը։

Դավիթ Օ՛Բրիենը նաեւ նշեց, որ իրենց ավիաընկերությունը կարող է Հայաստանը կապել Եվրոպայի 86 քաղաքների հետ, ի տարբերություն մերձավոր մրցակիցների, որոնք քաղաքների այնքան էլ հարուստ ցուցակ չունեն։ «Եկող տարի կբացվեն նոր ուղղություններ դեպի Վրաստան, Լիբանան, եւ ուրախ կլինեմ տեղեկացնել, որ նաեւ Հայաստան։ Այս տարի մենք, ընդհանուր առմամբ, կսպասարկենք 150 մլն ուղեւորի։ Ընկերությունն ունի 500 ինքնաթիռ, որոնք բաշխվել են չորս ավելի փոքր ավիաընկերությունների միջեւ»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։

Հայաստանի Քաղավիացիայի կոմիտեի ղեկավար Տաթեւիկ Ռեւազյանն իր հերթին վստահություն հայտնեց, որ դրա շնորհիվ Եվրոպա ավիատոմսերի գներն էապես կնվազեն։