6-րդ սերնդի ցանցերի (6G) տեխնոլոգիաները, որոնք ավելի արագ եւ արդյունավետ կլինեն տվյալների փոխանցման համար, քան տվյալ պահի 5G ձեւաչափը, կարող են հասանելի դառնալ մոտակա 10 տարում: Այս մասին Kyodo գործակալությանն ասել է Huawei հեռուստահաղորդակցման հսկայի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ժեն Չժենֆեյը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք 6G ցանցերի ուսումնասիրություն ենք սկսել եւ կարծում ենք, որ առնվազն 10 տարուց դրանք հասանելի կլինեն գործնական օգտագործման համար»,- ասել է նա: Միեւնույն ժամանակ, Չժենֆեյը մտահոգություն է հայտնել՝ նշելով, որ Huawei-ն կարող է կորցնել 5G տեխնոլոգիաների զարգացման ոլորտում առաջատարի իր դիրքը, եթե ԱՄՆ-ը պահպանի ընկերության դեմ սահմանափակումները 3-5 տարվա ընթացքում: 

Huawei-ն ավելի քան 60 պայմանագիր է կնքել այլ երկրների հետ՝ 5-րդ սերնդի բբջային կապի գլոբալ ցանցի ընդլայնման համար:   

Huawei կորպորացիան հիմնադրվել է 1987 թվականին։ Այն արտադրում է հեռահաղորդակցային սարքավորումներ, ինչպես նաեւ սպառողական սարքեր, սմարթֆոններ։ Ընկերության արտադրանքը եւ սպասարկումները հասանելի են ավելի քան 170 պետություններում։ Կորպորացիան հայտնվել է միջազգային տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի տակ այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ Ավստրալիան մեղադրեցին նրան տեխնիկական լրտեսության եւ գաղտնի տեղեկատվություն հավաքելու մեջ։

Մայիսի 15-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց հրամանագիր, որով արտակարգ դրություն էր մտցվում օտարերկրյա բացասական գործոններից Միացյալ Նահանգների տեղեկատվա-հաղորդակցային ենթակառուցվածքի պաշտպանության համար։ Այս առնչությամբ ԱՄՆ առեւտրի նախարարությունը մայիսի 17-ին Huawei-ը մտցրեց երկրի ազգային անվտանգության համար սպառնալիք ներկայացնող սուբյեկտների սեւ ցուցակում։ Կորպորացիայի ղեկավարությունը քանիցս հայտարարել է, որ իրականացնում է առեւտրային գործունեություն բացառապես օրենքի շրջանակում։