NEWS.am–ի տեղեկություններով` այս գիշեր Ազատության պողոտայում ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում կատարած եղբայրները ինքնախոստովանական ցուցմունքներ են տվել։

 Տղաները պատմել են, որ Արաբկիր վարչական շրջանում գտնվող վարսավիրանոցներից մեկից գողություն են կատարել, ինչը նկատել են ոստիկանները և հետապնդել մինչև «Հաղթանակ» զբոսայգու մուտքի մոտ։

Տղաները, տեսնելով պարեկային մեքենան, դիմել են փախուստի։ Ոստիկանության ծառայողները հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Բռնված անձինք փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա.Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին, ով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 238-րդ հոդվածի 1-ին մասով, 316-րդ հոդվածի 2-րդ մասով և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով: Կազմվել է քննչական խումբ, մշակվել քննչական պլան: Գործի շրջանակներում ձերբակալվել են  եղբայրներ՝ ծնված 2003  և 2001թթ.:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել է, որ ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանը Արարատի մարզի Արգավանդ գյուղից էր, երկու անչափահաս երեխաների հայր։ Նա ոստիկանության համակարգում էր 2002թ., ուներ ոստիկանության ավագի կոչում։ Հարձակման արդյունքում ծեծի ենթարկված ոստիկան Ա. Հակոբյանը ներկայումս գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ–ում, նրա վիճակը բժիշկները գնահատում են բավարար։