Մեզ բացարձակ հետաքրքիր չէ, թե տվյալ կազմակերպության հիմնադիրը կամ հիմնական շահառուն ով է. մենք նայում ենք, թե հարկ վճարողն իր վարքագծով որքանով է համահունչ հարկային օրենսդրությանը: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին պատկանող «Սեզամգազ»-ում ստուգումների արդյունքում ակտ է կազմել, սակայն այդ ակտը արդեն ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովում «ջրվել» է։

Դավիթ Անանյանի խոսքով, այդ կազմակերպությունը երկու անգամ բողոք ներկայացնելու հնարավորություն է ունեցել. «Մեկն առնչվել է ստուգման ակտին: վերստուգիչ հանձնաժողովը որոշել է վերստուգում նշանակել եւ դա այսօր ընթացքի մեջ է: Մյուսը վերաբերել է անձնական հաշվի քարտում մեխանիկական թե տեխնիկական ինչ-որ սխալի, եւ բողոքարկման հանձնաժողովը տեսել է, որ այո, մեխանիկական սխալ կա եւ դա ուղղվել է:

Եթե մենք պետք է մեր առօրյա պրոցեսը փորփրենք, գնանք տեսնենք, թե տվյալ բաժնետերը էսինչ մարդու համագյուղացու թոռան, ծոռան էսինչն է եւ կապ փնտրենք իրական շահառուի առումով, ես կարծում եմ՝ դա կառուցողական չէ:

Մենք մեր վարքագծով կարողացել ենք ասել, որ ոչ մեկը կարեւոր չէ որպես անձ: Մենք չենք գնում շահառուին բռնում, հետո տեսնում, թե ինչ ունի: Մենք աշխատում ենք հարկ վճարողի հետ: Եթե պարզվի, որ Պողոսյան Պողոսը դրա բաժնետերն է եւ որպես բաժնետեր իր գործողություններով կամ անգործությամբ տվյակ հարկ վճարողի վարքագծին ուղղորդել է, այո, կարող է քրեաիրավական գնահատական տալու շրջանակներումնաեւ նրա վարքագիծն էլ ուսումնասիրության ենթարկվի»,-հայտարարեց ՊԵԿ նախագահը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ժամանակ»-ի տեղեկություններով՝ վերջերս էլ հարկայինը Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչագան Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին պատկանող «Սեզամգազ»-ում ստուգումների արդյունքում ակտ է կազմել, սակայն այդ ակտը արդեն ՊԵԿ գանգատարկման հանձնաժողովում «ջրվել» է։

«Այսինքն՝ մի կողմից ցույց են տալիս, թե ստվերի դեմ են պայքարում, մյուս կողմից՝ չեն նեղացնում իրենց «յուրայիններին»,-գրել է թերթը: