Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 16-ին,  հյուրընկալել է աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական եւ տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոյին եւ տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովին։ Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

«Ուրախ եմ, որ ընդունել եք իմ հրավերն ու արդեն այստեղ եք: Իմ խնդիրն է դռներ բացել մեր երկրի համար, օգտակար լինել եւ աջակցել իմ փորձով եւ հնարավորություններով»,- ասել է նախագահ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ «Airbus»-ի ներկայացուցիչներն ավիացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ արդյունավետ հանդիպումներ կունենան:

«Airbus» ընկերության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել հայաստանյան հանդիպումների ընթացքում ծանոթանալ համագործակցության հեռանկարներին, շուկայի հնարավորություններին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ հնարավոր համագործակցությանը բարձր տեխնոլոգիական ոլորտում: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի ներուժն այդ ոլորտում՝ հյուրերին տեղեկացնելով նաեւ գիտության եւ տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական ծրագրի մասին: