Հոկտեմբերի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան դոկտոր Միխայել Բանցհաֆին:

ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է նորանշանակ դեսպանին եւ հաջողություն մաղթել Հայաստանում պաշտոնավարման ընթացքում:

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը բարձր է գնահատել պաշտպանության ոլորտում երկու երկրների միջեւ ձեւավորված համագործակցությունը, պաշտպանական գերատեսչությունների միջեւ առկա ջերմ գործնական հարաբերությունները եւ ընդգծել դրանց ընդլայնման անհրաժեշտությունը:

Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների եւ գնահատականների համար՝ դեսպան Միխայել Բանցհաֆը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցել Հայաստանի եւ Գերմանիայի ռազմաքաղաքական կապերի ամրապնդմանն ու ռազմական համագործակցության զարգացմանը:

Երկուստեք կարեւորվել է առկա բազմաթիվ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչպես նաեւ հայ եւ գերմանացի զինվորականների երկարամյա համատեղ ծառայությունը Աֆղանստանում՝ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում:

Զրուցակիցները քննարկել են նաեւ միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներ, ինչպես նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: