Ռուսաստանի Դաշնության օրհներգի կատարման սխալներին Սաուդյան Արաբիա եւ Արաբական Միացյալ Էմիրություններ Վլադիմիր Պուտինի այցի ընթացքում բոլորն ըմբռնումով են մոտենում, լրագրողներին տեղեկացրել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Ռուսաստանի նախագահի Աբու Դաբի կատարած այցելության ժամանակ նրան ողջունել են ՌԴ հիմնով, որը կատարել է Արաբական Միացյալ Էմիրությունների նվագախումբը։ Երաժիշտները մի շարք սխալներ են գործել եւ չեն կարողացել լրիվ ճիշտ կատարել այն։ Երկուշաբթի Էր Ռիադում նույն բանն  է տեղի ունեցել։

«Խիստ չափազանցված է, թե հիմնն անորակ է կատարվել։ Իհարկե, դա Սիմֆոնիկ մեծ նվագախմբի կատարումը չէ, բայց եւ այնպես, էմիրաթական կողմն ու սաուդյան կողմը շատ էին ջանացել եւ իսկապես ընդգծված ու ջերմ ընդունեցին նախագահին։ Եթե ինչ-որ վրիպումներ եղան էլ օրհներգի կատարման ժամանակ, ապա այս դեպքում, իհարկե, բոլորն ըմբռնումով են մոտենում։ Եվ նման չափազանցված արձագանքը տեղին չէ։  Դուք ինքներդ տեսաք, թե ինչպես ընդունեցին Ռուսաստանի ղեկավարին, ինչ մակարդակով, որքան բարյացակամ էր մթնոլորտը, կառուցողական՝ բանակցությունները։ Ուստի, այստեղ հարկավոր է դրան ըմբռնումով եւ հանգիստ վերաբերվել»,- իրավիճակը մեկնաբանել է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԻԱ «Նովոստի»-ին տված հարցազրույցում Պատվո պահակի նվագախմբի պետ, մայոր Պավել Գերնեցը պարզաբանել էր, թե ինչու արեւելյան եւ ասիական մի շարք երկրներում դժվարություններ են ծագում Ռուսաստանի օրհներգի կատարման ժամանակ։ Մասնավորապես, նրա խոսքով՝ նման բաներ պատահում են տարբեր երաժշտական մշակույթների պատճառով։ «Ասիայում եւ Արեւելքի երկրներում այլ երաժշտական մշակույթ է, նրանք եվրոպական տեսությունից տարբերվող երաժշտական լադեր, հնչյուններ, տոնայնություն ունեն։ Օրինակ, համաձայն հնչյունների հնդկական տեսության՝ կա 7 նոտա, ընդ որում՝ յուրաքանչյուր նոտա համապատասխանում է որեւէ մոլորակի։ 7 նոտաների գամման ստորաբաժանվում է 22 քառորդ տոնի։ Համապատասխանաբար՝ նրանք ստեղծագործությունների իրենց մեկնաբանություններն ունեն»,- ասել է նա։