Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հերթական անգամ լկտիաբար խոսեց Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Փորձագետը հիշեցրեց, որ նախօրեին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ մի շարք վտանգավոր թեզեր են հնչեցվել: Ընդ որում, միայն Ալիեւի կողմից: Այսպես, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է ջանքերի միավորման մասին եւ շնորհակալության հայտնել Սիրիայում իր գործողություններին աջակցելու համար:

«Ադրբեջանական մամուլը դա ընկալել է որպես Արցախում նմանատիպ գործողությունների ակնկալիք, քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան բազմիցս համատեղ զորավորժություններ են անցկացրել: Ալիեւը լկտիաբար խոսեց Զանգեզուրի մասին: Դա պատմության կեղծում է եւ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջների մասին հայտարարություն: Ալիեւն առաջին անգամ չէ խոսում այդ մասին, սակայն մենք հայկական կողմից կոշտ պատասխան ենք ակնկալում»,- նշեց փորձագետը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է որոշի՝ ինչ թեզով պետք է ղեկավարվի. Արցախը վերադառնում է բանակցային սեղան, քանի որ Հայաստանն իրավասու չէ խոսելու Արցախի փոխարեն, Արցախը Հայաստան է եւ վերջ, կամ՝ հակամարտության լուծումը պետք է բխի 3 կողմերի շահերից: Փորձագետը հավելեց, որ անկախ Արցախը մանեւրելու հնարավորություն է տալիս, բացի այդ, նրա մոտեցումները կարող են տարբերվել: Համանախագահները եւս բազմիցս ասել են, որ բանակցությունների արդյունքը պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար: