Բնության հզորությունը դրսեւորվում է ոչ միայն նրա փառահեղ գեղեցկությամբ եւ զարմանալի բարդությամբ, այլ նաեւ մահացու տարերային աղետներով, որոնք կարող են ոչնչացնել էկոհամակարգերը: «Ակտուալնիե նովոստի»-ի հաղորդմամբ՝ փորձագետները ամենամահացու բնական երեւույթների առաջատար են անվանել երաշտի եւ անբարենպաստ հանգամանքների պատճառով առաջացած չվերահսկվող անտառային հրդեհները: Ամեն տարի կրակը ոչնչացնում է անտառային հսկայական զանգվածներն ու մարդկանց եւ կենդանիների համար զգալի սպառնալիքներ ստեղծում:

Եվս մեկ չափազանց մահացու բնական երեւույթ է անվանվել լիմնոլոգիական աղետը: Դա, բարեբախտաբար, հազվագյուտ իրադարձություն է, որը դրսեւորվում է ջրամբարներից մեծ քանակությամբ ածխաթթու գազի արտանետման տեսքով: Ամենահայտնի լիմնոլոգիական աղետը 1986-ին Կամերունի Նյոս լճից CO2-ի արտանետումն էր, ինչի հետեւանքով 1746 մարդ զոհվեց:

Այլ վտանգավոր բնական երեւույթներ են՝ ձյունամրրիկ, կայծակ հրաբխային ժայթքումների դեպքում, երաշտ, երկրաշարժ, ավազե փոթորիկ, հողմապտույտ, արեւադարձային ցիկլոն, ջրհեղեղ, սողանք եւ այլն: Այդ աղետները, սակայն, բնությանն օգնում են պահպանել բնական հավասարակշռությունը: