Երեւանում մեկնարկել է ՏՏ մշակումներին, արհեստական բանականությանը եւ անօդաչու թռչող սարքերին նվիրված Digital UAV Forum 2019 միջազգային համաժողովը։

Համաժողովի անցկացման հիմնական նպատակը նպաստավոր պայմանների ստեղծումն է գիտակրթական եւ գիտահետազոտական կազմակերպությունների կադրային պոտենցիալի ամրապնդման եւ զարգացման, ինչպես նաեւ երիտասարդ եւ տաղանդավոր մարդկանց գիտության, տեխնոլոգիաների եւ կրթության ոլորտներում ներգրավելու համար։

Համաժողովի շրջանակում հոկտեմբերի 16-20-ին տեղի կունենան մի շարք միջոցառումներ։ Մասնավորապես, տեղի կունենա գիտաժողով, որի ընթացքում կներկայացվեն եւ կքննարկվեն գիտատեխնիկական եւ տեխնոլոգիական լուծումներ արհեստական բանականության եւ անօդաչու թռչող սարքերի ոլորտում։ Տեղի կունենա նաեւ Հաքաթոն, որի պաշտոնական բացումը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 17-ին։ 36-ժամյա Հաքաթոնի մասնակիցները կցուցադրեն իրենց գործնական գիտելիքները եւ հմտություններն արհեստական բանականության եւ ԱԹՍ ոլորտում։ Համաժողովի վերջին օրերին տեղի կունենան դպրոցական սեկցիայի միջոցառումները. դպրոցականների նախագծերի ցուցահանդես, դրոնների հավաքման վարպետական դասեր եւ դրոնների ցուցադրական թռիչքներ։