Արտաքին քաղաքականության եւ եվրոպական ինտեգրման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նիստում Մոլդովայի խորհրդարանում առաջին անգամ հայտարարվել է Հայոց ցեղասպանության ճանաչման հարցով նախաձեռնության մասին, հաղորդում է Accent TV-ն: 

«Դեսպանների նշանակման մասին լսումների ընթացքում Հայկ Վարդանյանը հարց է ուղղել Թուրքիայում Մոլդովայի դեսպանի թեկնածու Դմիտրի Կրոյտորին: Այդ հարցն ուղղվել է նախորդ հարցի համատեքստում, որը հնչեցրել են խորհրդարանական հանձնաժողովի անդամները՝ կապված Թուրքիայի կողմից անցկացվող այսպես կոչված «սիրիական գործողությունների» հետ»,- նշել է աղբյուրը:

Հայկ Վարդանյանը, որը նաեւ Մոլդովայի Հանրապետությունում հայ համայնքի նախագահն է, ասել է, որ Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ տարաձայնությունների առանցքային պահերից մեկն այն փաստն է, որ թուրքական կառավարությունը հերքում է Հայոց ցեղասպանությունը:

«Հաշվի առնելով այն փաստը, որ Մոլդովայի խորհրդարանում մոտ ժամանակներս Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրենսդրական նախաձեռնություն կներկայացվի, եւ Մոլդովան կարող է միանալ ԵՄ երկրների մեծամասնությանը, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնությանը, որոնք ճանաչել են այդ փաստը, դա կարող է առաջացնել թուրքական կառավարության բացասական արձագանքը»,- նշել է Վարդանյանը: