Հունաստանում ստորջրյա հնագետները հայտնի բրիտանացի դիվանագետ լորդ Էլգինի 1802թ․ խորտակված նավից նրբաճաշակ ոսկյա զարդեր եւ այլ արժեքավոր արտեֆակտներ են հանել։ Ստորջրյա հազվագյուտ գործողության մասին, հղում կատարելով Հունաստանի մշակույթի նախարարությանը, հայտնում է Greek Reporter-ը։

«Մենտոր» նավը հունական Կիֆերա կղզու մոտ խորտակվել էր 1802 թվականին։ Այն հայտնաբերել էին 2012թ․։ Եւ ահա այժմ Դիմիտրիս Կուրկումելիսի թիմի ստորջրյա հնագետներին հաջողվել է այնտեղից հանել լորդ Էլգինի լեգենդար գանձերը։

Տեղեկացվում է, որ խորտակված նավի վրա հայտնաբերվել են նրբաճաշակ ոսկյա զարդեր, չվնասված խոհանոցային պարագաներ եւ տարատեսակ արժեքավոր հին իրեր։

Մասնավորապես, գտնվել է ոսկյա մատանի, մի զույգ ականջօղ եւ երեք շախմատային ֆիգուր։ Իմիջիայլոց, նախորդ տարիներին ջրի հատակից հանվել էին շախմատային եւս չորս ֆիգուրներ։ Գիտնականները գտել են նաեւ փայտյա եւ երկաթյա առարկաներ, որոնք, հավանաբար, նավի կահավորանքի մաս են կազմել։

Ենթադրվում է, որ հատակում կարող են էլի ոչ քիչ գանձեր մնալ։ «Մենտորը» այն նավերից մեկն էր, որով լորդ Էլգինի թիմը Պարթենոնից եւ այլ պատմական վայրերից Բրիտանիա էր փոխադրում անգին հինավուրց արտեֆակտներ։

Հայտնի է, որ նավը դուրս է եկել Աթենքից ոչ հեռու գտնվող Պիրոսի նավահանգստից եւ ուղեւորվել է Մալթա, իսկ վերջնական նպատակակետը Միացյալ Թագավորությունն էր։

«Մենտորը» խորտակվել էր 1802թ․ սեպտեմբերի 15-ին տեղի ունեցած փոթորկի ժամանակ։ Այն Կիֆերա կղզու մոտ բախվել էր ժայռերին։

Նավն արագ անցել էր ջրի տակ, այժմ այն գտնվում է 23 մետր խորքում։ Բոլոր ուղեւորները եւ անձնակազմի անդամները փրկվել էին «Անտիկիտոս» նավի կողմից։

Լորդ Էլգինը փրկարար առաքելություն էր կազմակերպել։ Նա վարձել էր տեղի ջրասուզակներին, որոնց հաջողվել էր ջրի երես հանել խորտակված նավի բեռի մեծ մասը։ Արտեֆակտները, ինչպես ծրագրվել էր սկզբնապես, փոխադրվել էին Մալթա, իսկ այնտեղից՝ Բրիտանիա։