Թուրքական Halkbank-ը ԱՄՆ-ի մեղադրանքները կապել է Սիրիա ներխուժման հետ, հաղորդում է Reuters-ը:  

ԱՄՆ դատախազները բանկին մեղադրել են Իրանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու համար բազմամիլիարդանոց սխեմային մասնակցելու մեջ: Այսօր բանկի բաժնետոմսերը նվազել են 7 տոկոսով:

Բանկի դեմ մեղադրանք է առաջադրվել մեկ օր անց այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել թուրք պաշտոնյաների դեմ, բարձրացրել սակագներն ու դադարեցրել առեւտրային բանակցությունները՝ կապված Սիրիայի հյուսիս Թուրքիայի ռազմական ներխուժման հետ: Մեղադրանքի համաձայն՝ Թուրքիայի մեծությամբ երկրորդ պետական բանկը խարդախություն, փողերի լվացում եւ այլ հանցանքներ է գործել: Չնայած ԱՄՆ շրջանային դատախազը մեղադրանքները չի կապել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցների հետ, Halkbank-ը նման կապ է գտել:   

Halkbank-ը հայտարարել է, որ «չի խախտել պատժամիջոցները եւ չի գտնվում ԱՄՆ արդարադատության նախարարության ենթադասության տակ, քանի որ մասնաճյուղեր կամ աշխատակիցներ չունի ԱՄՆ-ում, եւ այդ պատճառով մեղադրանքները իրավական աննախադեպ խախտում են»:     

Halkbank-ի դեմ գործը բխում է նախորդ քրեական գործից, որը հարուցվել էր 2016-ին թուրք-իրանցի ոսկու առեւտրական Ռեզա Զարաբի դեմ, որին մեղադրել էին պատժամիջոցների խուսափելու սխեմայում դերի ունենալու մեջ: 

Halkbank-ի նախկին փոխնախագահ Մեհմեթ Հաքան Աթիլլան ձերբակալվել էր Նյու Յորքում եւ ավելի ուշ 32 ամսվա ազատազրկման դատապարտվել: Նա վերադարձել էր Թուրքիա հուլիսին պատիժը կրելուց հետո:

Զարաբն իրեն մեղավոր էր ճանաչել եւ ցուցմունք տվել: Նա ասել էր, որ Իրանը Halkbank-ի ներկայացուցիչների եւ Թուրքիայի կառավարության, ներառյալ նախագահի միջոցով օգտագործել է ընկերությունների ցանցն ու ոսկու, սննդամթերքի եւ դեղորայքի կեղծ գործարքներ իրականացրել, որպեսզի շրջանցի ԱՄՆ պատժամիջոցները:  

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել է, որ Halkbank-ի խնդիրը «ենթադրաբար լուծվել է»: «Սակայն այժմ ԱՄՆ-ը անօրինական քայլ է կատարել: Մենք կտեսնենք, թե ինչ կորոշեն նրանք եւ համապատասխան պատասխան կտանք»,- ասել է նա: