Երեւանում անցկացվող Digital UAV Forum-2019 համաժողովի շրջանակներում մեկնարկել է արհեստական ինտելեկտի եւ անօդաչու թռչող սարքերի ոլորտին վերաբերող առաջադրանքների 36-ժամյա հաքաթոնը։ Մրցանակային ֆոնդը 2,2 մլն դրամ է։ ՄԱԻ-ի ագիտկենտրոնի վարչության պետի տեղակալ Ալեքսանդր Շարմանովի խոսքերով, հաքաթոնին մասնակցում է ընդամենը 12 թիմ՝ Հայաստանից եւ Ռուսաստանից։

Որեւէ տարիքային սահմանափակում հաքաթոնի մասնակցության համար չկա, մասնակցում են բոլորը՝ դպրոցականներից մինչեւ պրոֆեսորներ։ «Այստեղ կարելի է հանդիպել ե՛ւ դպրոցականների, ե՛ւ ուսանողների, ե՛ւ ասպիրանտների, ե՛ւ նույնիսկ դասախոսների»,- նշեց նա։ Շարմանովը հավելեց, որ հաքաթոնը ոչ միայն ծրագրավորողների համար է, դա միջոցառում է բոլորի համար, ով ուզում է դրսեւորել իրեն, ինչ-որ նոր բան սովորել։ Թիմերին ներկայացվում են տեխնիկական առաջադրանքներ, որոնք առաջարկել են հաքաթոնի անցկացման գործընկերները։ Մասնավորապես, ՄՏՍ ընկերության կողմից ներկայացվում է քեյս, որը կապված է ԱԹՍ ազդանշանային ցանցի որակի մոնիթորինգի հետ, որից կախված այս կամ այն միջոցի ընդունման մասին որոշում է կայացվում։

Քեյս կա նաեւ «Լոկատոր» ընկերությունից, որտեղ լուծվում է մարդկանց որոնման եւ փրկության խնդիրը, եւս մեկ քեյսը կապված է անօդաչուների օգնությամբ պահեստներում պահուստների վերլուծության եւ գույքագրման հետ, տեղեկացրեց Շարմանովը։ Յուրաքանչյուր թիմ ինքնուրույն կընտրի տեխնիկական առաջադրանքը։ Թիմերը այսօր եւ վաղը կաշխատեն իրենց նախագծերի վրա։ Հոկտեմբերի 17-ի երեկոյան դրանք իրենց նախագծերի շնորհանդես կանցկացնեն, իսկ ժյուրին, հիմնվելով հինգ չափորոշիչների վրա, կգնահատի աշխատանքները եւ կընտրի 3 հաղթողներին, որոնք էլ կստանան դրամական մրցանակները։