Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են գերատեսչությունների բյուջետային հատկացումների հայտերի ուղղությամբ քննարկումները: Այս մասին տեղեկանում ենք Կառավարության լրատվության ծառայությունից։ Մասնավորապես, այսօր քննարկվել են Արտաքին գործերի նախարարության եւ Ոստիկանության 2020 թ. պետական բյուջետային հատկացումների հայտերը:

Դրանք քննարկվել են՝ հաշվի առնելով գերատեսչությունների հիմնախնդիրները, հրատապ լուծում պահաջող հարցերը, առաջնահերթությունները, ինչպես նաեւ իրականացվող բարեփոխումները:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ բյուջետային հայտերը բավարարվելու են՝ հաշվի առնելով գերատեսչություններին տրված հանձնարարությունների իրականացման կատարողականները, գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաեւ առաջարկվող ծախսերի արդյունավետությունն ու օգտակարությունը: Ըստ այդմ, քննարկման շրջանակում վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին տվել է կոնկրետ հանձնարարականներ: