Արհեստական բանականությունը կարող է որոշակի խնդիրներ լուծել, եւ դա վախեցնում է մարդկանց։ Այս մասին Գլոբալ ինովացիոն համաժողովի ընթացքում NEWS.am-ին տված հարցազրույցում հայտարարեց Դելֆտի տեխնոլոգիական համալսարանի գիտությունների թեկնածու Տիգրան Մխոյանը։

Այս տարի համաժողովը կոչված է ուսումնասիրել արհեստական բանականության ազդեցությունը գիտության եւ հասարակության վրա՝ գիտական, տեխնոլոգիական եւ արդյունաբերական տեսանկյունից։ Գլխավոր հարցը, որ միշտ տալիս են գիտության հետ առնչություն չունեցող մարդիկ, այն է, թե արժի արդյոք վախենալ արհեստական բանականությունից։

«Ես հասկանում եմ, թե որտեղից է գալիս արհեստական բանականության հանդեպ վախը։ Սակայն, իմ կարծիքով, դա արդարացված չէ, քանի որ եթե դուք տեսնում եք, թե որ մակարդակում ենք մենք այժմ գտնվում, ԱԲ-ն օգտագործող հավելվածները բախվում են շատ խնդիրների հետ։ Կան խնդիրներ, որոնցից այն շատ լավ է գլուխ հանում, եւ ուրիշ խնդիրներ, որոնցից՝ ոչ այնքան լավ։ Մենք դեռեւս այն փուլում չենք, որ կարողանանք մոտ լինել նրան, ինչին ընդունակ են մարդիկ։ ԱԲ-ն կարող է կատարել միայն առանձին առաջադրանքներ, եւ դա վախեցնում է մարդկանց։ Այդ իսկ պատճառով, ես կարծում եմ, որ ներկայում վախն իրոք անհիմն է, սակայն ես հիշում եմ որտեղից է այն գալիս»,- նշեց գիտնականը։

Ինչ վերաբերում է մեխանիկական ուսուցման օգտագործմանը, Մխոյանը բացատրեց, որ մեր առօրյա կյանքում օգտվում ենք դրա պտուղներից։ «Խոսքի ճանաչման մեջ դա տեղի է ունեցել 20 տարի առաջ, երբ հայտնվել է առաջին թարգմանությունը։ Սակայն այժմ դուք ունեք բջջային հեռախոս, որը թարգմանում է հենց հիմա։ Սրանք առաջադրանքներ են, որոնք մենք լավ ուսումնասիրել ենք, եւ մենք հասկանում ենք ինչպես օգտագործել արհեստական բանականության հնարավորությունները եւ հասցնել դրանք սպառողին»,- ասաց նա։

Համաժողովը կազմակերպել է Հայաստանի գիտատեխնիկական հիմնադրամը (FAST)։