ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է այն մտավախությունները, որ ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո ԱՄՆ-ը քրդերին թողել է թուրք զինվորների քմահաճույքին:

«Ռուսաստանը կարող է օգնել Սիրիային, եւ դա նորմալ է»,- Թրամփի խոսքը մեջբերում է Bloomberg-ը:

Նրա խոսքով՝ քրդերը, որոնք ամերիկյան զորքերի հետ միասին պայքարել են «Իսլամական պետության» դեմ եւ այժմ հարձակման են ենթարկվում թուրք զինվորների կողմից, «սուրբ չեն»: Նա հավելել է, որ քրդերը լավ են պաշտպանվում եւ գիտեն՝ ինչպես մարտնչել:

Հիշեցնենք, որ Թուրքիան ներխուժել է Սիրիայի հյուսիս անցած շաբաթ այն բանից հետո, եր Թրամփը հայտարարել է ԱՄՆ զորքերի դուրսբերման մասին: Ներխուժումից հետո ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ է սահմանել Թուրքիայի դեմ եւ կոչ արել դադարեցնել կրակը: 

Թրամփի գործողությունները քննադատության են արժանացել Կոնգրեսի երկու կուսակցությունների կողմից: Սակայն Թրամփը պաշտպանել է իր որոշումը՝ ասելով. «Ես կարծում եմ՝ Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին իրավիճակն ԱՄՆ-ի համար ռազմավարական առումով փայլուն է: Մենք կարող ենք պայքարել սեփական տարածքում: Եթե Սիրիան ցանկանում է պայքարել՝ իր հողերը վերադարձնելու համար, ապա դա կախված է իրենից եւ Թուրքիայից: Այնտեղ շատ ավազ կա, որի հետ նրանք կարող են խաղալ»: