Փարիզի քրեական դատարանը 500 եվրոյի տուգանք է նշանակել ութ հակագլոբալիստների համար։ Նրանք ներթափանցել են 130 ֆրանսիական քաղաքապետարաններ, այնտեղից գողացել են նախագահ Էմանուել Մակրոնի լուսանկարները, այնուհետեւ, այդ դիմանկարները գլխիվայր պահած, երթով գնացել են բողոքի ցույցերի, հայտնում է BBC-ն։

Գողությունների շարքը սկսվել էր 2019թ․ փետրվարին։ Մակրոնի դիմանկարներն անհետացել էին փարիզի Երրորդ, Չորրորդ եւ Հինգերորդ շրջաններից, իսկ շուտով նաեւ այլ բնակավայրերի քաղաքապետարաններից։ Անհայտ անձինք բացել էին պաշտոնյաների աշխատասենյակները եւ այնտեղից տարել էին միայն երկրի ղեկավարի դիմանկարները, այլեւս ոչնչի ձեռք չէին տվել։

Դիմանկարներն արագ գտնվել էին՝ ֆրանսիական ANV COP21 շարժման (միավորում է հակագլոբալիստներին եւ բանպահպաններին) ակտիվիստները գարնան եւ ամռան ընթացքում G7-ի երկրների քաղաքականության դեմ բողոքի ցույցերի եւ բնապահպանական ու ջերմոցային գազերի արտանետումների դեմ հանրահավաքների ժամանակ դրանք գլխիվայր տանում էին։ Նրանք ասում էին, որ Ֆրանսիայի նախագահի դիմանկարն այդ կերպ տանելն իրենց բարոյական պարտքն է՝ ի պատասխան նրա, որ Մակրոնն, իրենց կարծիքով, պատշաճ ուշադրության չի արժանացնում կլիմայի փոփոխության խնդիրները։

Սկզբում շարժման երկու ակտիվիստներ դիմանկարների գողության համար Լիոնում դատապարտվել էին, սակայն դատավորը արդարացրել էր նրանց՝ վճռի մեջ նշելով․ «Դիմանկարի առեւանգումը ակտիվիստների կողմից եղել է բացառապես իրենց գործի պաշտպանության համար։ Եւ պետք է մեկնաբանվի որպես նախագահի եւ ժողովրդի միջեւ երկխոսության բացակայության հարկադրված փոխարինում»։

Փարիզում դատախազությունը դատարանին խնդրել էր դիմանկարների ութ առեւանգիչներին, որոնց տարիքը 26-35 էր, մեղավոր ճանաչել եւ տուգանել յուրաքանչյուրին 1000 եվրոյի չափով։ Վերջիններս, ի պատասխան, ասել էին, որ իրենք իշխանության հետ երկխոսության մեջ մտնելու այլ հնարավորություն չեն ունեցել։