ՄԱԿ Անվտանգության խորհուրդը մտահոգություն է հայտնել՝ կապված Սիրիայի հյուսիսում հումանիտար իրավիճակի վատացման վտանգների եւ «Իսլամական պետության» ահաբեկիչների փախուստի հետ, սակայն չի հիշատակել այդ շրջանում քրդական ստորաբաժանումների վրա Թուրքիայի հարձակման մասին, հայտնում է Reuters-ը։

ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Քելլի Քրաֆթը խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Թուրքիային կոչ են արել «դադարեցնել ԻԳԻԼ-ի դեմ հաղթանակի քարոզչության խափանումը, դադարեցնել քաղաքացիական բնակչությանն  ուղղված սպառնալիքները, դադարեցնել սպառնալ տարածաշրջանի խաղաղությանը, անվտանգությանը եւ կայունությանը, դադարեցնել հարձակումները եւ անհապաղ հայտարարել կրակի դադարեցման մասին»։

ՄԱԿ ԱԽ-ն «խորը մտահոգություն է հայտնել ահաբեկիչների փախուստի առնչությամբ, ինչպես նաեւ մտահոգված է հումանիտար իրավիճակի հետագա վատացմամբ»։

Անվտանգության խորհրդի այսպիսի հայտարարությունները փոխզիջմամբ են ընդունվում։ Դիվանագետների խոսքերով, անցյալ հինգշաբթի հայտարարություն ընդունել չէր հաջողվել։

«Մենք խորապես ափսոսում ենք, որ Թուրքիան դեռեւս չի արձագանքել իր դաշնակիցների բազմաթիվ կոչերին, քանի որ մենք կարծում ենք, որ Թուրքիայի միակողմանի ռազմական գործողությունները չեն օգնի լուծել անվտանգության հիմնական խնդիրները»,- համատեղ հայտարարել են ՄԱԿ ԱԽ եվրոպական անդամները։