«Հագիբիս» թայֆունի հետեւանքով տուժած շրջանների բնակիչները պայքարում են ջրհեղեղի հետեւանքների դեմ, հայտնում է NHK-ն: Հեռարձակող կորպորացիայի տեղեկություններով՝ թայֆունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 77-ի:

Փրկարարները շարունակում են 10 անհետ կորածների որոնումները:

Տոկիոյից հյուսիս Տոտիգի պրեֆեկտուրայի բնակիչները մաքրության ծավալուն աշխատանքներ են սկսել: Տարեցների տներ են ուղղվել կամավորները՝ օգնելու մաքրել բնակելի տներից ցեխը:

Հորդ անձրեւների հետեւանքով փլվել են գետերի պաշտպանական նվազագույնը 90 հողաթմբեր, ինչը հանգեցրել է 33 հազարից ավելի տների ջրածածկման:

100 հազարից ավելի տուն դեռեւս ջրամատակարարում չի ստանում, հազարավոր տներ՝ էներգամատակարարում: Մինչեւ հիմա հստակ չէ, թե վերականգնողական աշխատանքները որքան կտեւեն: