Ադրբեջանի Դեմոկրատական ուժերի ազգային խորհուրդը (ԱԴՈւԱԽ) տեղեկացրել է 11 ընդդիմադիր ակտիվիստի ձերբակալության մասին Բաքվում հոկտեմբերի 19-ի հանրահավաքի նախօրեին։

Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Ադրբեջանի Ժողովրդական ճակատ (ԱԺՃ) կուսակցության ակտիվիստ Թոֆիգ Մամեդովը կալանավորվել է հոկտեմբերի 10-ին եւ նույն օրն էլ 10 օրով ձերբակալվել վարչական կարգով՝ «մանր խուլիգանություն» մեղադրանքով։ ԱԺՃ-ի մեկ այլ անդամ՝ Ալիաղա Մամեդովը, կալանավորվել է հոկտեմբերի 14-ին։ Հաջորդ օրը նա ձերբակալվել է «ոստիկանությանը չհնազանդվելու» մեղադրանքով։ ԱԺՃ երիտասարդական կոմիտեի նախագահության անդամ Նիջաթ Նիզամովը կալանավորվել է հոկտեմբերի 15-ին եւ ձերբակալվել 15 օրով։ ԱԺՃ վերստուգիչ հանձնաժողովի անդամ Մուրադ Սուլթանովը կալանավորվել է հոկտեմբերի 15-ին։ Նույն օրը դատարանը նրան ձերբակալել է վարչական կարգով։ ԱԺՃ Բինագադի բաժնի փոխնախագահ Յալչին  Աբդուլաեւը հոկտեմբերի 15-ին ենթարկվել է 15 օրվա վարչական ձերբակալության։ Նազիմ Հասանովը՝ ԱԺՃ Լենքորանի բաժնի նախագահը, հոկտեմբերի 15-ին կանչվել է տեղի ոստիկանություն։ Բայց չի կարողացել ներկայանալ առողջական վիճակի պատճառով։ Լենքորանի բաժնի մյուս անդամներ Կազիմ Հասանովին եւ Նիջաթ Իբադովին ոստիկանությունում կարգադրել են չգնալ հանրահավաքի։ ԱԺՃ Մասալայի բաժնի ակտիվիստ Աթաշ Հուսեյնովը կալանավորվել է հոկտեմբերի 14-ին եւ մեկ օր հետո ազատ արձակվել նախազգուշացումից հետո։ ԱԺՃ Ղարադաղի բաժնի անդամ Էլվին Մամեդովը կանչվել է ոստիկանություն հոկտեմբերի 12-ին եւ ազատ արձակվել մի քանի ժամ տեւած հարցաքննությունից հետո։ Բացի այդ, ավելի վաղ ձերբակալվել էին եւ վարչական պատիժների ենթարկվել Սահլադար Իսքենդարլին (60 օր), Զամին Սալաեւը եւ Էլհան Ալիեւը (15-ական օր)։ ԱԺՃ 9 ակտիվիստ երկարատեւ բանտարկության է ենթարկվել քրեական մեղադրանքներով։

Իշխանություններն առաջարկել են ԱԴՈւԱԽ-ին հոկտեմբերի 19-ի հանրահավաքն անցկացնել Լոկբաթան գյուղում։ Բայց ընդդիմությունն առաջարկությունն անընդունելի է համարել եւ մտադիր է այն իրականացնել Բաքվի կենտրոնում, մետրոյի «Մայիսի 28» կայարանի դիմացի հրապարակում։