Զոհված զինծառայողների հիմնադրամի (100 դրամների» հիմնադրամ) շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակներում, երբ ինչպես դուք եք ասում, իշխանությունների հետ մերձ հարաբերություններ ունեիք:  Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, է զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով «Զինվոր» ՀԿ-ի համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին:

«Ես չեմ հիշում, որ դուք այսպիսի հանդիպում ունեցած լինեիք, ասենք, Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների կամ նախագահների հետ եւ այսպիսի շեշտադրումներով հանդես գայիք: Սա ինձ համար տարօրինակ է, այն ժամանակ դուք ունեիք բոլոր հնարավորությունները, ինչու այն ժամանակ չեք եկել կառավարության դիմաց նստել»,-ասաց Փաշինյանը:

Ի պատասխան Մարգարիտա Խաչատրյանն ասաց, որ այն ժամանակ 30 մլն դրամ կառավարությունը չի հատկացրել «մարտի 1»-ի զոհերի հարազատներին: Նա նաեւ հավելեց, որ նախկինում ՊՆ-ի արտաբյուջեից ֆինանսավորում էր տալիս իրենց կազմակերպությանը, ինքն էլ ծրարով փողը տալիս էի զոհվածի ծնողին:

«Այսինքն խոսքը ձեր կազմակերպության ֆինանսավորման մասին է: Այսօր հիմնադրամը զոհվածի ծնողին տալիս է 10 մլն միանվագ գումար: Դուք ուզում եք, որ այդ փողը ծրարով ձե՞զ տան»,-արձագանքեց վարչապետը:

«Մի ստեղծեք մթնոլորտ, որ կառավարությունում մտածեն, որ ավելի լավ է թողնենք հին վիճակը, որ բոլորի համար հավասար վատ լինի, քան մտածեն խնդիրները լուծելու մասին: Մենք բոլոր հարցերը կլուծենք բյուջեի եւ զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աշխատանքները ընդլայնելով եւ բարելավելով:

Այդ հարցը դուք չեք բերել օրակարգ, ես եմ բերել եւ այդ հարցերը հետեւողականորեն լուծելով կգնամ»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Մարգարիտա Խաչատրյանը հավելեց, որ ոչ մեկ թող չմտածի, թե իրենք նախանձում են, որ մեկին 30 միլիոն դրամ են տալիս. «Քավ լիցի, ես երբևիցե չեմ ասի՝ ինչո՞ւ արեցիք։ Մենք ակնկալում ենք, որ մեր հարցին էլ կտաք լուծում։ Հարցը մի տարեք հիմնադրամ, հիմնադրամ ուղարկելու կարիք չկա, Սոցապ նախարար Բաթոյանի մոտ մեր գրությունն ուղարկելու կարիք չկա։ Եթե դուք մեջբերում եք նախկին իշխանություններին, ես գրկից գիրկ չեմ գնացել, կուսակցական թեզին չեմ հետևել, ով զինվորի համար զինվորի մատից փուշ է հանել, տիկին Մարգարիտայի լույսն է դարձել»։