Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել միանալ ԱՄՆ օդագնացության եւ տիեզերքի հետազոտման Ազգային վարչությանը (NASA) Լուսնի յուրացման գծով, որը նախատեսում է Երկրի արբանյակի վրա վայրէջք մինչեւ 2024 թվականը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo-ին։

Նրա տվյալներով՝ այդ մասին պաշտոնապես կհայտարարվի մինչեւ 2019 թվականի վերջը։

NASA-ն գարնանը հայտարարել էր, որ Լուսնի յուրացման նոր ծրագիրը ստացել է Artemis (Արտեմիս) անվանումը։ Այն բաղկացած կլինի երեք փուլից՝ առաջին (Artemis 1), որով նախատեսվում է անօդաչու թռիչք Orion նավի վրա տեղադրված Space Launch System (SLS) հրթիռով Լուսնի շուրջ եւ նրա վերադարձ Երկիր 2020 թվականի երկրորդ կեսին։ Երկրորդ փուլը (Artemis 2) նախատեսում է Երկրի բնական արբանյակի շուրջ թռիչք անձնակազմով, 2022 թվականին։ Երրորդ փուլում (Artemis 3) NASA-ն կիրականացնի աստղագնացների վայրէջք Լուսնի վրա 2024 թվականին։